ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում մեղադրանք է առաջադրվել զինված ուժերի փոխգնդապետին՝ խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություններ կատարելու համար:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ փոխգնդապետը, տարբեր զորակոչիկների ծառայությունը նախընտրելի տարածքներում տեղակայված զորամասերում, իբր, պաշտոնատար անձի միջոցով կազմակերպելու համար կաշառք ստանալու պատրվակով, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով, 2017 թվականի ընթացքում պահանջել, ստացել եւ խարդախությամբ հափշտակել է տարբեր չափերի գումարներ։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1, 2-րդ եւ 5-րդ կետերով (3 դրվագ), 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1, 2-րդ եւ 5-րդ կետերով եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: