Մաշտոցի պողոտայում ավտոերթ, ապա ցույց անցկացրած «Իմ քայլը» նախաձեռնությանը միացած քաղաքացիները որոշեցին բացել պողոտան եւ տուն գնալ՝ հանգստանալու: Ցուցարարները հեռացան պողոտայից, երթեւեկությունը վերականգնվեց: Որոշ ավտոմեքենաների վարորդներ, սակայն, շարունակում են երթեւեկել՝ ազդանշան տալով:
Ակտիվիստներից մեկը հիշեցրեց, որ վաղն առավոտյան նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Սերժ Սարգսյանի հետ: Որոշվեց սպասել հանդիպման արդյունքներին, իսկ հետո գնալ Էրեբունի, որտեղից էլ, ինչպես նախապես որոշվել է, մեկնարկելու են «Իմ քայլը» նախաձեռնության վաղվա գործողությունները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 22-ին ժամը 10:00-ին հանդիպելու է վարչապետ Սերժ Սարգսյանին:
«Երեկվա մեր հայտարարությունից, Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո մենք ստացանք հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել եւ քննարկել այդ օրակարգը: Եվ ահա վաղը առավոտյան ժամը 10:00-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի են ունենալու իմ եւ Սերժ Սարգսյանի բանակցությունները՝ վերջինիս հրաժարականի եւ իշխանության անցնցում փոխանցման պայմանների շուրջ:
Ես հարկ եմ համարում նախ տեղյակ պահել, որ այս հանգամանքի բերումով՝ վաղը Էրեբունի համայնքում մեր միջոցառումները տեղի կունենան ոչ թե 11:00-ին, այլ 12:00-12:30-ին, որպեսզի վստահ լինեմ, որ տեղ կհասնեմ»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:



























