Հարցազրույց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ձեռներեցության խթանման բաժնի պետ Վահե Չիբուխչյանի հետ:
էկոնոմիկայի նախարարությունը մշակել է կորպորատիվ կառավարման կանոնագիրք։ Ո՞րն է դրա նպատակը։
Կանոնագիրքը սահմանում է կորպորատիվ կառավարման սկզբունքների միջազգային լավագույն պրակտիկայից բխող չափանիշներ` հաշվի առնելով Հայաստանում առկա պրակտիկան եւ միջավայրը:
Կորպորատիվ կառավարումը ընկերության խորհրդի, գործադիր մարմնի, բաժնետերերի եւ այլ շահառուների միջեւ հարաբերությունների համալիր է: Կորպորատիվ կառավարումը սահմանում է մեխանիզմներ, որոնց միջոցով ձեւավորվում են ընկերության նպատակները, որոշվում են դրանց հասնելու, ինչպես նաեւ գործունեության վերահսկողության միջոցները: Կորպորատիվ կառավարումը ընկերություններին հնարավորություն է տալիս խթանելու ներդրումների ներգրավումը, բարձրացնելու իրենց մրցունակությունը, որոշումների ընդունման արդյունավետությունը, ձեռնարկությունների նկատմամբ հասարակության վստահությունը, տնտեսական արդյունավետությունը եւ աճը, ինչպես նաեւ ավելի դյուրին է դարձնում ֆինանսական միջոցների ներգրավումը:
Եթե մասնավոր ընկերությունը չի հետեւում «հետեւիր կամ բացատրիր» սկզբունքին՝ ապա ի՞նչ պատիժներ կարող են սահմանվել։
«Հետեւիր կամ բացատրիր» սկզբունքը նշանակում է, որ ընկերությունները պետք է ներկայացնեն հայտարարագիր՝ Կանոնագրքի դրույթներին համապատասխանելու մասին, իսկ որեւէ դրույթի չհամապատասխանելու դեպքում` բացատրություն չհամապատասխանելու պատճառների մասին: Քանի որ Կանոնագիրքը Հայաստանի Հանրապետությունում համարվում է նոր մշակույթի ներդրում, ապա նախատեսվում է այն պարտադիր սահմանել միայն 50 տոկոսից ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների համար (որպես պարտադիր պահանջ սահմանվում է միայն կորպորատիվ կառավարման տարեկան Հայտարարագիր ներկայացնելը)։ Մասնավոր ընկերությունների համար Կանոնագիրքը կրում է կամավոր բնույթ, ուստի վերջիններիս նկատմամբ ոչ ֆինանսական եւ ոչ էլ վարչական պատժամիջոցներ չեն կարող կիրառվել:
Ի՞նչ փոփոխություններ պետք է իրականացնեն մասնավոր ընկերությունները իրենց կառավարման համակարգում:
Եթե մասնավոր ընկերությունները ցանկանում են համապատասխանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի պահանջներին, ապա դա նշանակում է ընկերության կառավարման նոր մշակույթի ձեւավորում, լիազորությունների հստակ տարանջատում, գործունեության թափանցիկություն, կառավարման անձնակազմի բարձր որակավորում, եւ առավել կարևոր է՝ յուրաքանչյուր ղեկավար մարմնի պատասխանատվությունը իր կողմից ընդունած որոշումների համար:
Որո՞նք եք համարում Հայաստանի բիզնես միջավայրում կորպորատիվ կառավարման մշակույթի դանդաղ ձեւավորման հիմնական պատճառները։
Հայաստանի գործարար միջավայրում կորպորատիվ կառավարման մշակույթի դանդաղ ձեւավորումը պայմանավորված է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով։
Օբյեկտիվ պատճառներից է այն, որ Հայաստանում գործում են մեծ մասամբ փոքր եւ միջին ձեռնարկություններ, իսկ կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումը պահանջում է լրացուցիչ ֆինանսական եւ ինտելեկտուալ ներդրումներ։ Սեփականատերերի կողմից կորպորատիվ կառավարման ոչ պահանջված լինելը պայմանավորված է նաեւ ֆինանսական շուկայի դանդաղ զարգացմամբ:
Սուբյեկտիվ պատճառներից է այն, որ հասարակության մոտ գոյություն ունի կորպորատիվ կառավարման վերաբերյալ գիտելիքների եւ փորձի պակաս, թափանցիկ պայմաններում աշխատելու ցանկության բացակայություն և այլն:
Զրուցեց՝ Սամվել Ավագյանը





























