ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեկ ամսով երկարաձգել է այն ժամկետը, որի ընթացքում ամերիկյան ներդրողները պետք է ազատվեն  ամերիկյան պատժամնիջոցների ներքո հայտնված ռուսական En+, Rusal եւ GAZ Group ընկերությունների ակցիաներից եւ բոնդերից, փոխանցում է ՏԱՍՍ–ը։  Համապատասխան տեղեկությունը  տեղադրվել է երեքշաբթի հրապարակված «13А համարի գլխավոր լիցենզիա» անվանմամբ թարմացված փաստաթղթում, որը եկել է փոխարինելու ավելի վաղ գործող «13 համարի գլխավոր լիցենզիա» փաստաթղթին։  

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության թարմացված փաստաթղթում նշվում է, որ ամերիկյան ներդրողները պետք է ազատվեն վերոհիշյալ ընկերությունների ակտիվներից մինչեւ հունիսի 6-ը, այն պարագայում, երբ նրանք, համաձայն «13 համարի գլխավոր լիցենզիա» փաստաթղթի, պետք է դա անեին մինչեւ մայիսի 7-ը։  

ԱՄՆ իշխանությունները մի շարք ռուսական պաշտոնյաների, գործարարների եւ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարել էր ապրիլի 6-ին։