Nabucco գազամուղի համար գազի երկարաժամկետ առաքումների մասին Ադրբեջանի ու Եվրահանձնաժողովի պայմանավորվածության հետ կապված  Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը եւ, վերջապես, գտնի իր տեղն արեւի տակ: Այդ մասին հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը: Նրա կարծիքով, Հայաստանն աստիճանաբար ավելի է հեռանում Եվրոպայից եւ իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից: Nabucco նախագիծն ունի երկու ուղղվածություն. Վրաստանով դեպի Ուկրաինա եւ Լեհաստան եւ Վրաստանով դեպի Թուրքիա, Հունաստան, Իտալիա եւ Հարավային Եվրոպա: Նախագիծը ենթադրում է միջինասիական էներգետիկ ռեսուրսների օգտագործում, քանի որ ադրբեջանական էներգետիկ ռեսուրսները բավարար չեն անհրաժեշտ ծավալի համար:

«Մեր երկիրը գտնվում է գազատարների եւ նավթատարների հարեւանությամբ եւ ունի վերահսկող դիրք: Անհրաժեշտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շրջվի դեպի Իրան, թեեւ ԱՄՆ-ը խնդիրներ ունի այդ երկրի հետ: Անհրաժեշտ է նաեւ հավասարակշռություն Եվրոպայի հետ հարաբերություններում: Պետք է հիշել, որ Եվրոպան ոչ միայն ժողովրդավարության դարավոր փորձագետ է, այլեւ` ուժային հավասարակշռության փորձագետ եւ ուրիշների միջոցով լուծում է իր խնդիրները», - նշեց քաղաքագետը` ավելացնելով, թե  Nabucco նախագծի հարցը Հայաստանը պետք է առաջնահերթություն հռչակի:

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ադրբեջանը պայմանավորվել է Եվրոպայի երկրներին գազի երկարաժամկետ առաքումների մասին: Պայմանագիրը ստորագրել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանը համարվում է Nabucco-ի գլխավոր մատակարար: Այդ գազատարի միջոցով Եվրոպան փորձում է նվազեցնել կախվածությունը ռուսական առաքումներից:

Nabucco-ի ընդհանուր թողունակությունը պետք է գերազանցի 30 միլիարդ խմ-ն: Շահագործումը նախատեսված էր 2014-ին, սական անցած տարվա մարտին էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը հայտարարեց, որ գազամուղը կսկսի գործել 2018-ին:

«Nabucco»-ն մրցակից է համարվում ռուսական «Հարավային հոսքին», որն իրագործում է «Գազպրոմը»: Նախատեսվում է «Հարավային հոսքով» Եվրոպա առաքել տարեկան 63 միլիարդ խմ ռուսական գազ: Առաքումներն սկսվելու են 2015-ին: