Հունվարի 11-14-ին Կոպենհագենում տեղի է ունեցել Իրաքի կրոնական առաջնորդների արտահերթ վեհաժողովը, որին մասնակցել են ինչպես Իրաքի Սուննի եւ Շիա ուղղությունների առաջնորդները, այնպես էլ քրիստոնեական համայնքների առաջնորդներն ու պառլամենտի անդամներ:

Վեհաժողովում Հայ առաքելական եկեղեցին ներկայացրել է Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արք. Ասատուրյանը:

Վեհաժողովն ընդունել է հռչակագիր, որում մասնավորապես ասվում է, որ Իրաքի քաղաքական վերածննդի համար կենսական նշանակություն ունեն երկրի բնակիչների անվտանգության ապահովումը եւ վստահության վերականգնումը սեփական երկրի նկատմամբ, որի գրավականներից մեկն էլ քրիստոնյաների նկատմամբ կիրառվող բռնության եւ հալածանքների իսպառ կանխարգելումն է: Ըստ հռչակագրի՝ հանրային իրավունքի եւ իրավահավասարության սկզբունքների գործնականացումը պետք է դրվի Իրաքի սահմանադրության հիմքում, իսկ ծառայությունը պետական մարմիններում պետք է իրականացվի առանց կրոնական խտրականությունների: