Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 22-ին ընդունել է Gallup International ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչեւի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Gallup International ասոցիացիայի 71-րդ տարեկան համաժողովի անցկացումը Երեւանում, ինչպես նաեւ միջոցառմանը միջազգային փորձագետների մասնակցությունը:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է քաղաքական հետազոտությունների որակի շարունակական բարձրացումը, փորձի փոխանակումն ու վերլուծությունների արդյունքում հնարավորինս օբյեկտիվ գնահատական ունենալը՝ իրականացվելիք բարեփոխումների, կառավարման համակարգի գործունեության եւ այլ ուղղություններով: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ երեւանյան համաժողովը կնպաստի փորձի փոխանակմանն ու փորձագետների վերլուծական կարողությունների մակարդակի բարձրացմանը:  

Կանչո Ստոյչեւը վստահություն է հայտնել, որ Երեւանում ընթացող համաժողովը կձեւավորի տարածաշրջանային փոխհամագործակցության նոր հիմքեր, մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալ սոցիոլոգիայի վերջին միտումներին եւ իրականացնել հաջողված փորձի փոխանակում: Gallup International ասոցիացիայի նախագահը վարչապետին է ներկայացրել համաժողովի շրջանակում քննարկվող թեմաներն ու հայաստանյան գործընկերների հետ համագործակցության զարգացման հնարավորությունները: