Տիեզերքում կյանքի նշաններ հայտնաբերելու համար անհրաժեշտ է դրանք մանրակրկիտ որոնել մեր Արեգակնային համակարգում և դրա սահմաններից դուրս։ Սակայն զգայուն, բայց միևնույն ժամանակ կոմպակտ տեխնոլոգիաների մշակումը, որոնք ունակ են իրականացնելու նման հայտնաբերում, չափազանց բարդ խնդիր է եղել։ Օսակայի համալսարանի հետազոտողները մշակել են էլեկտրական մեթոդ, որը կարելի է օգտագործել արտաերկրային կյանք հայտնաբերելու համար։ Այս հուզիչ բացահայտումը հրապարակվել է Nature Communications հանդեսում։

Ինչպես կենդանի օրգանիզմների, այնպես էլ անկենդան քիմիական նյութերի և գործընթացների նույնականացման համար օգտագործվում են ամինաթթուներ՝ սպիտակուցների կառուցողական բլոկները։ Ամինաթթուներն ունեն նույն քիմիական բանաձևը, սակայն գոյություն ունեն երկու հայելային համաչափ ձևերով, որոնց միջոցով կարելի է տարբերակել կենդանին անկենդանից, հայտնում է «Գիտական Ռուսաստան»-ը։ Կենդանի օրգանիզմներում գրեթե բոլոր ամինաթթուները առկա են բացառապես L-ձևով, իսկ շաքարները՝ D-ձևով։ Անկենդան քիմիական և ֆիզիկական գործընթացներում L- և D-ձևերը առկա են հավասար քանակությամբ։

Այսպիսով, L/D հարաբերակցությունը կյանքի հնարավոր նշան է, ինչը ամինաթթուները դարձնում է աստղակենսաբանության ոլորտի հետազոտությունների իդեալական թիրախ։ Ավանդական մեթոդները հնարավորություն են տալիս տարբերակելու նմուշները՝ չափելով մոլեկուլների մեծ խմբեր, ինչը հետազոտողների համար գործնական դժվարություններ է ստեղծում։ Ենթադրվել է, որ էլեկտրական հայտնաբերման վրա հիմնված այլընտրանքային մեթոդն ավելի պարզ կլինի, քանի որ այն ավելի քիչ զգայուն է թրթռումների նկատմամբ և հնարավորություն կտա գործելու առանց քիմիական ռեագենտների։

Նանոտեխնոլոգիաների ոլորտի վերջին ձեռքբերումները կիրառվել են կենսաբանական նշանակություն ունեցող առանձին մոլեկուլների էլեկտրական հայտնաբերման համար։ Դրա համար հետազոտողների խումբը չափում է երկու ոսկե նանոլարերի միջև եղած բացվածքով անցնող մոլեկուլները, որոնք գեներացնում են էլեկտրական թունելային հոսանք։ Քանի որ հոսանքի ձևը յուրաքանչյուր ամինաթթվի համար տարբեր է, խումբը կարողացել է անմիջապես հաշվարկել բացվածքով անցած մոլեկուլների քանակը։

«Մեր նանոբացվածքով թունելավորման տեխնոլոգիան համատեղելով արհեստական բանականության հետ՝ մենք կարողացանք տարբերակել ամինաթթուների L- և D-ձևերը ավելի քան 80% ճշգրտությամբ,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ Տակահիտո Օշիրոն։- Դա ամինաթթուների քիրալության առաջին որոշումն է առանձին մոլեկուլների մակարդակում, և այն քիմիական զոնդավորման ոլորտում հիմնարար բեկում է»։

Քանի որ աստղակենսաբանական նմուշները սովորաբար պարունակում են բազմաթիվ տեսակի մոլեկուլներ, խումբը ստուգել է, թե արդյոք կարելի է այս տեխնոլոգիան օգտագործել բարդ խառնուրդներում ամինաթթուները նույնականացնելու համար։

«Մենք վերլուծել ենք Ավստրալիայում հայտնաբերված Մերչիսոն երկնաքարի բնական նմուշները և Չիլիի Ատակամա անապատի հողի նմուշները,- բացատրում է հետազոտության ավագ հեղինակ Մասատերու Տանիգուտին:- Մեր մեթոդը համադրելի է ավանդական եղանակների հետ, քանի որ երկուսն էլ թույլ են տալիս բացահայտել ամինաթթվային կազմի առանձնահատկությունները։ Հույս կա, որ այս մշակումները հնարավոր կլինի օգտագործել կոմպակտ էլեկտրական սարքեր ստեղծելու համար, որոնք կկարողանան հայտնաբերել արտաերկրային կյանքը»։