Հարավային Ատլանտյան օվկիանոսի հեռավոր Սուրբ Հեղինե կղզում ապրում է հանրահայտ Ջոնաթան կրիան՝ ներկայում կենդանի ցամաքային կենդանիներից ամենատարեցը։ 2026 թվականին նա դարձել է 194 տարեկան, գրում է Live Science-ը։
Սեյշելյան հսկա կրիայի՝Aldabrachelys gigantea-ի համար դա սպասվող կյանքի տևողությունից մոտ մեկ դարով ավելի է։ Այժմ գիտնականները հայտնաբերել են գենետիկական և էպիգենետիկ առանձնահատկություններ, որոնք կարող են օգնել բացատրելու Ջոնաթանի բացառիկ երկարակեցությունը։
Հետազոտողներն ուսումնասիրել են ոչ միայն կրիայի գեները, այլև ԴՆԹ-ի մոլեկուլների վրա տեղակայված քիմիական նշանները։ Այդ էպիգենետիկ մարկերները չեն փոխում ԴՆԹ-ի հաջորդականությունը, սակայն օգնում են կարգավորելու գեների ակտիվությունը՝ մասնավորապես որոշելով, թե դրանցից որոնք են ակտիվանում և որքան ակտիվ են գործում։
Գիտնականների առանձնահատուկ ուշադրությունը գրավել են էներգիա արտադրող բջջային կառուցվածքների՝ միտոքոնդրիումների աշխատանքի հետ կապված գեները։ Ըստ էպիգենետիկ վերլուծության՝ Ջոնաթանի օրգանիզմում այս գեները անսովոր լավ վիճակում են։ Հետազոտողների կարծիքով՝ միտոքոնդրիումներին առնչվող մեխանիզմների արդյունավետ աշխատանքը հնարավոր է՝ կարևոր դեր է խաղում այն բանում, որ կրիան կարողանում է պահպանել առողջությունը գրեթե երկու դար շարունակ։
Ստացված տվյալները դեռևս բավական չեն Ջոնաթանի կոնկրետ «երկարակեցության գենը» նշելու համար։ Սակայն դրանք ցույց են տալիս, որ նրա բացառիկ կյանքի տևողության գաղտնիքը հնարավոր է՝ կապված է ոչ միայն գենոմի առանձնահատկությունների, այլև այն բանի հետ, թե ինչպես է օրգանիզմը տարիքի հետ կարգավորում գեների ակտիվությունը։
Գիտնականները հույս ունեն, որ Ջոնաթանի և այլ երկարակյաց կենդանիների հետագա ուսումնասիրությունը կօգնի ավելի լավ հասկանալու ծերացման կենսաբանական մեխանիզմները և այն, թե ինչու որոշ օրգանիզմներ կարողանում են բջջային գործառույթները պահպանել զգալիորեն ավելի երկար, քան մյուսները։



























