ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Գիտության ազգային մեդալների և Տեխնոլոգիաների ու նորարարությունների ազգային մեդալների հանձնման արարողության ժամանակ հիշել է իր հորեղբայր Ջոն Ջ. Թրամփին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներին, հայտնում է Associated Press-ը։
Նախագահը բազմիցս պատմել է իր հորեղբոր մասին, որին համարում է բացառիկ խելացի մարդ։ Ջոն Թրամփը MIT-ի ինժեներ և դասախոս էր, զբաղվում էր բարձր լարման տեխնիկայի և ռադիոլոկացիայի ոլորտի հետազոտություններով և Գիտության ազգային մեդալը ստացել էր ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ձեռքից։
Սպիտակ տանը անցկացված արարողության ժամանակ Թրամփը նշել է, որ հորեղբայրը նույն մրցանակի դափնեկիրն էր, որը հանձնվում էր այսօրվա միջոցառման մասնակիցներին։ Կազմակերպիչները նաև Ջոն Թրամփին նվիրված տեսանյութ են ցուցադրել։
«Որոշ գիտնականներ փոխում են բժշկությունը։ Ոմանք օգնում են հաղթելու պատերազմներում։ Ջոն Ջ. Թրամփը անում էր և՛ մեկը, և՛ մյուսը»,- ասվում է տեսանյութում։
Ջոն Թրամփը Գիտության ազգային մեդալը ստացել է 1986 թվականին՝ գիտության և տեխնոլոգիաների զարգացման մեջ ունեցած ներդրման, ներառյալ՝ ռենտգենյան տեխնոլոգիայի և ճառագայթման կիրառման հետ կապված աշխատանքների համար։ Նա մահացել է 1985 թվականին, ուստի այն ժամանակ պարգևը նրա անունից ընդունել են։
Այսօրվա արարողության ժամանակ Գիտության ազգային մեդալներ են ստացել Իլոն Մասկը, Սերգեյ Բրինը, Ջենսեն Հուանգը և Լիզա Սուն։ Տեխնոլոգիաների և նորարարությունների ազգային մեդալներով պարգևատրվել են Մայքլ Դելը և Սաթյա Նադելլան։




























