Կանայք տղամարդկանց համեմատ ավելի հաճախ են բացասաբար ընկալում աշխատանքային սխալները և ավելի քիչ են հակված դրանք դիտելու որպես ինչ-որ բան սովորելու հնարավորություն։ Միևնույն ժամանակ տարբերությունը հատկապես նկատելի է այն կոլեկտիվներում, որտեղ տղամարդիկ զգալիորեն ավելի շատ են, քան կանայք, ցույց է տվել Frontiers in Organizational Psychology-ում հրապարակված հետազոտությունը։

Հետազոտողները հարցում են անցկացրել Մեծ Բրիտանիայի ֆինանսական ոլորտի ավելի քան 1400 աշխատակցի շրջանում։ Մասնակիցներին հարցրել են, թե որքան հարմարավետ կզգային իրենց սխալն ընդունելիս, արդյոք դրա համար պատիժ են ակնկալում, և արդյոք սխալը համարում են սովորելու հնարավորություն։

Պարզվել է, որ կանայք ընդհանուր առմամբ իրենց նվազ հարմարավետ են զգում աշխատանքային սխալներն ընդունելիս և ավելի հաճախ դրանք բացասաբար են ընկալում։ Սակայն կոլեկտիվի կազմը նկատելիորեն ազդել է այս գնահատականների վրա։ Այն թիմերում, որտեղ տղամարդիկ կազմել են առնվազն 75%, կանայք իրենց նվազ ազատ են զգացել սխալներն ընդունելիս և ավելի հազվադեպ են դրանք ընկալել որպես սովորելու հնարավորություն։

Յոթբալանոց սանդղակով՝ նման կոլեկտիվներում սխալն ընդունելիս հարմարավետությունը կանայք միջինում գնահատել են 5,46 միավոր, իսկ տղամարդիկ՝ 5,94։ Սխալից ինչ-որ բան սովորելու հնարավորությունը կանայք գնահատել են 4,20 միավոր, իսկ տղամարդիկ՝ 4,54։

Տղամարդկանց փոքր թվով կոլեկտիվներում տարբերությունը գրեթե անհետացել է. կանանց վերաբերմունքը սխալների նկատմամբ դարձել է նույնքան դրական, որքան տղամարդկանցը, կամ նույնիսկ՝ մի փոքր ավելի դրական։ Ընդ որում, տղամարդկանց հայացքները գրեթե չեն փոխվել՝ կախված թիմի գենդերային կազմից։

Պաշտոնական պատժի սպասումները բացառություն են եղել. կանայք չեն կարծել, որ իրենց սխալների համար ավելի հաճախ կպատժեն, քան տղամարդկանց։ Հեղինակները ենթադրում են, որ խոսքը կարող է վերաբերվել ճնշման մեկ այլ ձևի՝ ոչ պաշտոնական հետևանքներին։ Կանայք կարող են վախենալ, որ սխալից հետո իրենց կդիտեն որպես պակաս կոմպետենտ կամ այն կընդունեն որպես մասնագիտական անբավարարության ապացույց, նույնիսկ եթե պաշտոնական պատժամիջոցներ չլինեն։

Հեղինակների կարծիքով՝ նման մթնոլորտը կարող է վնասել ոչ միայն աշխատակցուհիներին, այլև ընկերություններին։ Եթե մարդիկ վախենում են ընդունել սխալները, կազմակերպությունները կորցնում են դրանցից սովորելու և ստացած փորձը զարգացման ու նորարարությունների համար օգտագործելու հնարավորությունը։ Սա հատկապես կարևոր է այն ոլորտների համար, որտեղ ծանրաբեռնվածությունը բարձր է, իսկ սխալների հանդեպ հանդուրժողականությունը՝ ցածր։

Հեղինակները կարծում են, որ իրավիճակը կարելի է փոխել առանց զգալի ծախսերի։ Ղեկավարներին, հատկապես տղամարդկանց՝ հիմնականում տղամարդկանցից կազմված թիմերում, բավական է բացահայտ խոսել սեփական սխալների մասին և ցույց տալ, որ սխալի ընդունումը մասնագիտական ուսուցման մի մասն է, այլ ոչ թե նվաստացման կամ կոմպետենտության վերաբերյալ կասկածների առիթ։

Միևնույն ժամանակ հետազոտողները նախազգուշացնում են, որ արդյունքները չի կարելի ուղղակիորեն տարածել բոլոր մասնագիտությունների վրա։ Հետազոտությունում կանայք անհամաչափ շատ են եղել, իսկ մասնակիցները նկարագրել են իրենց արձագանքները հիպոթետիկ իրավիճակների նկատմամբ։ Բացի դրանից, հետազոտությունն առաջին հերթին արտացոլում է ֆինանսական ոլորտի և բարձր մրցակցությամբ ու ճնշմամբ այլ մասնագիտությունների առանձնահատկությունները։

Հեղինակները ենթադրում են, որ սխալներից խուսափելու անհրաժեշտության մշտական զգացողությունը հեռանկարում կարող է հանգեցնել տարբերությունների մասնագիտական գիտելիքների, ինքնավստահության և կարիերային առաջխաղացման մեջ՝ ոչ թե կարողությունների տարբերությունների, այլ սեփական փորձից սովորելու անհավասար հնարավորությունների պատճառով։