Լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն է: Երաժիշտը մրցույթի օրերին լինելու է Հայաստանում եւ հեղինակավոր ժյուրիի հետ բացահայտելու է մրցույթի լավագույն թավջութակահարին: Այս մասին տեղեկացնում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը:

«Ես վստահ եմ, որ Խաչատրյանի անունը կրող մրցույթն աշխարհի մեծագույն մրցույթների մեջ իր ուրույն տեղն է գրավելու։ Այն շատ լավ հնարավորություն է իրենց կարիերան սկսող երաժիշտների համար»,- ասել է Պենդերեցկին։

Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը մեկնարկելու է հունիսի 6-ին: Մեկ շաբաթվա ընթացքում ժյուրին լավագույնին կընտրի 9 երկիր ներկայացնող 16 թավջութակահարներից: Մրցույթի ժյուրին նախագահում է մեծանուն թավջութակահար Սուրեն Բագրատունին, իսկ կազմում ներառված են աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներ:

1-ին մրցանակակիրը կստանա դրամական պարգեւ՝ 15.000 դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10.000 դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5.000 դոլարին համարժեք դրամ պարգեւավճարի։ Կշնորհվեն են նաեւ մի շարք հատուկ մրցանակներ:

Խաչատրյանի միջազգային մրցույթը 2013 թվականից Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որն անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով: