Պատմության մեջ առաջին անգամ մի երկրի իշխանություն ընդունում է, որ երկրում քաղբանտարկյալ կա. այսօր՝ իշխանափոխությունից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունում է, որ երկրում կան քաղբանտարկյալներ: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին կայացած ասուլիսում հայտարարել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Նրա համոզմամբ՝ հայ հասարակությունը գերի է միջազգային հանրության կարծիքին: «Քաղբանտարկյալներին սահմանելիս շատերը հղում են անում միջազգային տարբեր կազմակերպությունների, մենք գերի ենք միջազգային հանրության կարծիքին, սակայն ամենակարեւորը մեր հանրության ընկալումն է»,-շեշտել է նա։
Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ քաղբանտարկյալներին կարելի է երկու խմբի բաժանել. «Այնուամենայնիվ, եթե վկայակոչենք միջազգային կառույցներին, ապա Human Rights Watch-ը Գեւորգ Սաֆարյանին ու Ժիրայր Սեֆիլյանին ճանաչել է քաղբանտարկյալ: Բայց քաղբանտարկյալներին ես կբաժանեի երկու խմբի. խղճի հալածյալներ, ինչպիսիք են՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանը, Կարո Եղնուկյանը, Անդրիաս Ղուկասյանը, Շանթ Հարությունյանի ընկերները, Հայկ Կյուրեղյանը, որոնց պատժի անհամաչափությունը վկայում է, որ նրանք քաղբանտարկյալներ են: Ուստի նրանց պետք է ազատ արձակել»։
Մյուս խումբը, իրավապաշտպանի համոզմամբ, «Սասնա ծռեր»-ն են։ Նրանք պարագայում քաղաքական ենթատեքստ կա, նրանք խղճի բանտարկյալներ են, սակայն նրանց պարագայում պետք է պահանջել արդար դատավարություն, այլ ոչ անհապաղ ազատ արձակում։
«Երբ երկրում տեղի է ունենում զինված հեղաշրջում կամ հեղաշրջման փորձ, եւ մարդիկ նրանց աջակցում են, դա վկայում է, որ Հայաստանում այնպիսի ռեժիմ է, որ մարդիկ նույնիսկ հույսը կապել էին այդպիսի ապստամբության հետ։ Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանում ստեղծված վիճակն էր, որ դրդել էր դրան: Այժմ իրադրություն է փոխվել, իսկ իրավիճակի փոփոխության պայմաններում նրանք դա չէին անի: Այս իրավիճակում նրանց ոչ թե պետք է արդարացնել, այլ արդար դատավարություն պահանջել»։
Իրավապաշտպանի կարծիքով՝ շատերը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ցուցում տա եւ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն։ «Հանրությունը թագավոր է փնտրում: Իսկ ես ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը դատավոր չէ: Սակայն այս պարագայում փակուղի է, քանի որ մի կողմը սպասում է ցուցումների, իսկ մյուս կողմը հայտարարում է, թե ցուցումներ չի տալու»,- նշել է նա:
Ավետիք Իշխանյանը նաեւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հորդորել է հեռանալ ՀՀԿ թիմի հետ. «Գլխավոր դատախազը պետք է հրաժարական տա, իսկ նրա հայտարարությունները, թե դատաիրավական համակարգը պետք է անկախ քաղաքական իշխանություններից գործի, պետք է նկատել, որ նրանք նոր են հիշել այդ մասին»,- եզրափակել է նա։





























