Եթե Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսներ չի տալիս, ինչ-որ գյուղում կարմիր ժապավեն չի կտրում, դա դեռ չի նշանակում, որ նա այլեւս քաղաքականության մեջ չէ։ Հունվարի 21-ին այս մասին հայտարարեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Կա երեւացող եւ չերեւացող քաղաքականություն։ Ռոբերտ Քոչարյանը չերեւացող քաղաքականության մեջ է։ Շատ բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր «իր մարդիկ» են։ Այսօր կան մարզպետեր, ում Սերժ Սարգսյանը չի փոխել։ Եթե Քոչարյանը դեռեւս այնքան ուժեղ է, որ թույլ չի տալիս փոխել նրանց, ուրեմն հարց է՝ հեռացե՞լ է նա, թե՝ չի հեռացել։ Պարտադիր չէ, որ նա անձամբ գա, Մատենադարանի մոտ ցույցեր անի, նա կարող է ղեկավար պաշտոններում նշանակել իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչներին՝ այս կերպ կառավարելով «զակուլիսնի» տարբերակով»,- ամփոփեց Բադալյանը։
Վերջում քաղաքական տեխնոլոգն ավելացրեց, որ Հայաստանում կայանալիք ընտրություններին անպայմանորեն միջամտելու է Ռուսաստանը։ «Սա միանշանակ է։ Եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը գրագետ լինեն, ապա իրենց ուժերը կունենան նաեւ Հայաստանի Ազգային ժողովում»,- համոզմունք հայտնեց նա։





























