ԱՄՆ-ն դատապարտել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու Սիրիայի որոշումը եւ Ռուսաստանին վերստին կոչ է արել այդ տարածքներից զորքերը դուրս բերել:

«Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից օկուպացված վրացական տարածաշրջաններ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Սիրիայի մտադրությունը»,- նշված է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Հիզեր Նաուերթի հայտարարության մեջ:

«Այս տարածաշրջանները Վրաստանի մասն են: Աբխազիայի եւ Հարավայի Օսիայի վերաբերյալ Միացյալ Նահանգների դիրքորոշումն անփոփոխ է»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Թբիլիսին հայտարարել էր Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչելու դեպքում Դամասկոսի հետ հարաբերությունները խզելու մասին: