Եվրոպան իր շահերը կպաշտպանի ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրք սահմանելու դեպքում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մեյրը, փոխանցում է Reuters-ը:
«Մենք՝ ֆրանսիացիները եւ եվրոպացիները, առեւտրային պատերազմ չենք ցանկանում, սակայն եթե մեզ վրա գրոհում են, ստիպված ենք մեր շահերը պաշտպանել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր պողպատի եւ ալյումինի ներմուծման վրա համապատասխանաբար՝ 25 եւ 10 տոկոսի մաքսատուրք սահմանելու մասին: Սակայն Եվրոպայի երկրների համար մաքսատուրքի սահմանումը հետաձգվել էր մինչեւ մայիսի 1, այնուհետեւ երկարաձգվել մինչեւ հունիսի 1՝ մինչ բանակցությունների ավարտը: Նշենք, որ ԵՄ երկրները պնդում են մաքսատուրքերի մշտական չեղարկման մասին եւ սպառնում պատասխան միջոցառումներ ձեռնարկել, եթե Վաշինգթոնն, այնուամենայնիվ, որոշի մաքսատուրք սահմանել:




























