ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն դեռ կարող են առեւտրային գործարք կնքել, նույնիսկ եթե Վաշինգտոնը մաքսատուրքեր սահմանի պողպատի եւ ալյումինի ներմուծման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ առեւտրի քարտուղար Ուիլբոր Ռոսը, հփոխանցում է Reuters-ը:
«Բանակցություններ կարող են լինել եւ՛ մաքսատուրքերով, եւ՛՝ առանց դրանց: Եվրամիությունում շատ մաքսատուրքեր կան ամերիկյան ապրանքների համար, սակայն դա չի նշանակում, որ մենք չենք կարող երկխոսություն վարել»,- ասել է նա: Որպես օրինակ Ռոսը նշել է Չինաստանը, որը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ չնայած նրան, որ ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանել չինական որոշ ապրանքների ներմուծման համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր պողպատի եւ ալյումինի ներկրման համար համապատասխանաբար 25 եւ 10 տոկոս մաքսատուրքերի սահմանման մասին: Սակայն եվրոպական երկրների համար մաքսատուրքերի ներդրումը հետաձգվել էր մինչեւ մայիսի 1-ը, այնուհետեւ՝ մինչեւ հունիսի 1-ին նախատեսված բանակցությունների ավարտը: Նշենք, որ ԵՄ երկրները պնդում են, որպեսզի ԱՄՆ-ի կողմից հայտարարված մաքսատուրքերը չեղյալ հայտարարվեն, եւ սպառնում են պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Վաշինգտոնը, այնուամենայնիվ, որոշի ներդնել մաքսատուրքերը:




























