ԱՄՆ ներդրումային սահմանափակումները չեն համապատասխանում Առեւտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին, Չինաստանն իրեն իրավունք է վերապահում այդ միջոցառումներին պատասխանելու: Այս մասին հայտարարել է Չինաստանի կոմերցիայի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն մտադիր է հունիսի 30-ին հայտարարել չինական բիզնեսի համար ներդրումների սահմանափակումների եւ տեխնոլոգիաների արտահանումների լրացուցիչ վերահսկողության մասին:
«ԱՄՆ նեդրումային սահմանափակումները չեն համապատասխանում ԱՀԿ սկզբունքներին: Մենք կգնահատենք ԱՄՆ առեւտրային սահմանափակումների ազդեցությունը: Չինաստանն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ընդունելու ԱՄՆ ներդրումային սահմանափակումների դեմ»,- ճեպազրույցում ասել է Գաո Ֆենը:
Նախօրեին ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային վեճը վերստին սրվել է, երբ Սպիտակ տունը հայտարարություն է հրապարակել մտավոր իրավունքների եւ ազգային տեխնոլոգիաների պաշտպանության լրացուցիչ միջոցառումների մասին՝ հայտնելով, որ ԱՄՆ-ն հունիսի 15-ին կհայտարարի Չինաստանից ապրանքների վերջնական ցանկը, որոնք ենթակա են 25 տոկոս մաքսատուրքի հարկման: Սակագներն ուժի մեջ կմտնեն ցանկը հրապարակելուց կարճ ժամանակ անց: Չինաստանի կոմերցիայի նախարարությունը ի պատասխան զարմանք է հայտնել եւ հայտարարել, որ Վաշինգթոնի հայտարարությունը արմատապես հակասում է կողմերի միջեւ վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին:





























