Մայիսի 30-31-ը, Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող Մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձը կամ ապօրինի յուրացման պարագայում դրանց ռեստիտուցիան խրախուսելու հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 21-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվեց միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ` երկու տարի ժամկետով:

Կոմիտեն հանդիսանում է «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու եւ կանխելու միջոցառումների մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական մարմին:

Հայաստանը հանդիսանում է վերոնշյալ Կոմիտեի անդամ 2017 թ.-ից` 4 տարի ժամկետով: Բյուրոյի նախագահող է ընտրվել Մեքսիկան։

Կոմիտեն ստեղծվել է 1978թ.` Կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 20-րդ նստաշրջանի համապատասխան որոշման հիման վրա: Համաձայն վերջինիս 2-րդ հոդվածի` Կոմիտեն ունի 22 անդամ: Կոմիտեի անդամն ունի անմիջապես վերընտրվելու հնարավորություն:

Կոմիտեի կարեւոր գործառույթներից է նպաստել պետությունների բազմակողմ եւ երկկողմ համագործակցությանը մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձնելու կամ դրանց ռեստիտուցիան խրախուսելու մասով: