Ջերմուկ առողջարանային քաղաքի բնակիչները, ակտիվիստները, որոնք խոչընդոտում են Ամուլսարի հանքավայրի մշակմանը, պատրաստ են դրա փակման երկարատեւ պայքարին:

Հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակտիվիստ Վազգեն Գալստյանը (Ջերմուկի բնակիչ) նշեց, որ այս պահին իրենք Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները փակել են եւ փակ կպահեն, մինչեւ կառավարությունից հստակ պատասխան չստանան գոնե շինարարական աշխատանքների ժամանակավոր դադարեցման մասին: Միաժամանակ, նա շեշտեց, որ քաղաքի բնակիչները, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, մտադիր չեն փակելու միջպետական նշանակության ճանապարհները:

«Մենք հասկանում ենք, որ սա խոշոր բիզնես է, որի սեփականատերերը հանքի մշակման մեջ ահռելի միջոցներ են ներդրել, սակայն պատրաստ ենք մինչեւ վերջ գնալու, մինչեւ չհասնենք հանքավայրի ամբողջական փակմանը՝ չնայած դա անչափ դժվար կլինի: Այստեղ փոխզիջում չի կարող լինել: Խաղադրույքի է դրված մեր կյանքը»,- նշեց Վազգեն Գալստյանը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ 15 օր առաջ Գնդեվազի բնակիչները նկատեցին, որ խմելու ջուրը սարսափելի աղտոտված է, այն այլեւս անհնար էր խմել: Ջերմուկից ակտիվիստները ի նշան գնդեվազցիների հետ համերաշխության վերականգնեցին հանքի փակման համար պայքարը:

Ինչպես հավաստիացրեց էկոլոգիական ակտիվիստը, Ջերմուկի բնակիչները, նրանց թվում շատերը, ովքեր աշխատում են Ամուլսարի հանքավայրում, միանշանակ հանդես են գալիս ընդդեմ լեռնահանքային արդյունաբերության զարգացման եւ ցանկանում են, որ տուրիզմը զարգանա: Հանքավայրի մշակման դեմ են հանդես գալիս նաեւ բազմաթիվ հյուրանոցային համալիրներ եւ առողջարանային կենտրոններ, որոնք պարբերաբար զբոսաշրջային հոսքի կրճատում են գրանցում: «Լեռնահանքային արդյունաբերությունն ու տուրիզմն անհամատեղելի են: Եթե անգամ Ամուլսարի հանքավայրի մշակումը էկոլոգիայի համար 100 տոկոսով անվնաս է (չնայած միջազգային փորձագետներն արդեն եզրակացրել են, որ դա այդպես չէ), միեւնույն է՝ Ջերմուկի զբոսաշրջային բրենդը կտուժի»,- ընդգծեց Վազգեն Գալստյանը:

Քաղաքի բնակիչները, նշեց նա, որոնք մինչ այդ ոգեշնչված էին նոր աշխատատեղերի ստեղծմամբ, այժմ հասկացել են, որ դա ժամանակավոր էֆեկտ էր. փորձագետների մեծ մասը կհրավիրվեն արտասահմանից: Այսուհետ նրանք ցանկանում են, որպեսզի զարգանա զբոսաշրջության ոլորտը, որը Ջերմուկում մշտական ​​աշխատատեղեր կստեղծի՝ ծառայողական սանդուղքով հետագա առաջխաղացման հնարավորությամբ. չեն ցանկանում ամբողջ կյանքում հանքավայրում բանվորություն անել: Իսկ այն մասին, որ ծառայողական սանդուղքով բարձրանալ ցանկացողներին հարկ է մտածել կրթության սեփական մակարդակի եւ մասնագիտական ​​հմտությունների ձեռքբերման անհրաժեշտության մասին, նա ոչինչ չասաց:

Մեկ այլ ակտիվիստ՝ Արգիշտի Թադեւոսյանը, նշեց, որ մինչ «թավշյա հեղափոխությունը» ջերմուկցիները բացահայտ դեմ հանդես չէին գալիս հանքավայրի մշակմանը, քանի որ կարծում էին, որ, միեւնույն է՝ լսելի չեն լինելու եւ նույնիսկ վախենում էին այդ իշխանություններից: «Իսկ այժմ շատերն են աջակցում այս պայքարին, ակտիվիստներին միանալու ցանկություն են հայտնել բնապահպանները, տեղական իշխանությունները հայտարարություն են տարածել, որ Ամուլսարի հանքավայրի շինարարության հետեւանքով հարակից համայնքների բնակիչներին հասցված վնասը պետք է փոխհատուցվի»,- ասաց ակտիվիստը:

Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումն իրականացվում է ամերիկյան Lydian International ընկերության կողմից: Lydian International ընկերության հայաստանյան դուստր ընկերությունը՝ Lydian Armenia-ն,  հիմնադրվել է 2005 թվականին (ինստիտուցիոնալ բաժնետերերի թվում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան): Ամուլսարի ոսկու հանքավայրը Հայաստանի՝ մաքուր ոսկու երկրորդ խոշորագույն հանքավայրն, շուրջ 31 մլն տոննա հանքաքար եւ 40 տոննա մաքուր ոսկի է պարունակում: Այն գտնվում է երկրի հարավ-արեւելքում՝ առողջարանային Ջերմուկ քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփա եւ Որոտան գետերի միջեւ: