Երեւանում տեղի է ունենում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ներկայացրած երեխաների իրավունքների պաշտպանության մասին արտահերթ զեկույցի քննարկումը։ Զեկույցը հրապարակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։

Զեկույցն ընդգրկում է 2013-2017 թվականները։ Զեկույցի պատրաստման համար ուսումնասիրվել են նախորդ տարիների զեկույցները, հասարակական կազմակերպությունների զեկույցները, այդ թվում՝ այլընտրանքային փաստաթղթերը՝ հարցումներն ու հարցազրույցները, ուսումնասիրվել են դատական ակտերը, վարչական որոշումները, լրատվամիջոցների հրապարակումները, սոցիալական ցանցերում տեղ գտած հաղորդագրությունները։ Զեկույցը կոչված է պատասխանել այն հարցին, թե կատարում է արդյոք պետությունն իր պարտավորությունները, թե ոչ, եւ ամեն ոլորտում ներկայացվում են կոնկրետ պատասխաններ եւ առաջարկներ։

«Զեկույցում բարձրացվում է երեխաների իրավունքների պաշտպանության համակարգային նախադրյալների առկայության հարցը»,-հայտնել է Արման Թաթոյանը։ Նրա խոսքով, կրթության եւ առողջապահության ոլորտում դոտացիան չի աճում 2013 թվականից, ինչն ընդհանրապես չի ենթադրում երեխաների իրավունքների պաշտպանություն։ Առանձին նա անդրադարձավ հատուկ կատեգորիայի երեխաների խնդրին, նրանց նկատմամբ ստերեոտիպային վերաբերմունքի առկայությանը, համակարգային մոտեցման բացակայությանը եւ այլն։ Միաժամանակ, օմբուդսմենը նշել է, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հաճախ հատուկ հաստատություններում երեխաների կեցության պայմաններն ավելի լավն են, քան տանը։ Որոշ ծնողներ այդ պատճառով հրաժարվում են իրենց երեխաներից։

Զեկույցում առանձին տեղ է հատկացվում երեխաներին ընտանիք վերադարձնելուն, քանի որ չափազանց կարեւոր է, որ երեխան տանը մեծանա։ Հատուկ տեղ ունեն առողջական խնդիրներ ունեցող երեխաները, այդ թվում՝ հաշմանդամություն։ Օմբուդսմենի խոսքով, գյուղական բնակավայրերում այս խնդիրը սուր նշանակություն է ստանում։

Զեկույցը ներառում է կրթության որակի, դպրոցներում առկա պայմանների, ուսուցիչների՝ մի քանի տարի չավելացող աշխատավարձերի, դպրոցների ծանրաբեռնվածության, ուսուցիչներին աշխատանքի ընդունելու չափորոշիչների հարցերին։ Առավել զգայուն հարցն է, երբ հաշմանդամություն ունեցող երեխան չի կարող կրթություն ստանալ։