Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը դժգոհ է «Հայփոստի» աշխատանքից։ Այդ մասին նախարարը հայտարարեց այսօր՝ հունվարի 25-ին հրավիրած ասուլիսի ժամանակ։ Նա նույնիսկ չբացառեց, որ կարող է փոխվել փոստի կառավարիչը՝ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությունը։

«Գոհունակություն չենք կարող հայտնել փոստի աշխատանքից։ Փոստի կառավարման մոդելն ամբողջությամբ պետք է փոխվի»,- ասաց Մ. Վարդանյանը։

Նրա խոսքով՝ փոստը ոչ թե հավատարմագրային, այլ կոնցեսիոն կառավարման պետք է հանձնվի, քանի որ հավատարմագրային կառավարիչը պարտավորություն չունի իր միջոցների հաշվին ներդրումներ կատարելու։ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը «Հայփոստի» ղեկավարությունից տեղեկություններ է պահանջել նրաց ծրագրերի մասին, որը պետք է ներառի ներդրումների չափը, ժամկետը եւ մատուցվող ծառայությունների տեսակը։ «Եթե այդ տեղեկությունները բավարար եղան, այնուհետեւ կքննարկենք ներդրումների կոնկրետ ծրագիրը»,- ասաց Մ. Վարդանյանը։

Նա նաեւ դժգոհություն հայտնեց թոշակների բաժանման գործընթացից, որը կառավարության հետ համաձայնագրով՝ 2011 թ. հունվարի 1-ից վստահվել է «Հայփոստին»։ Սակայն նախարարն ասում է, որ «Հայփոստը» բավարար շենքային եւ տեխնիկական պայմաններ չունի՝ թոշակների բաժանումն արդյունավետ իրականացնելու համար։