Լիբանանի նոր վարչապետի պաշտոնում  «Հըզբոլահի» կողմից առաջադրված թեկնածուի ընտրությունը կարող է բարդ իրավիճակ ստեղծել Լիբանանում եւ փոխել այդ երկրի կառավարման ողջ տրամաբանությունն ու էությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս Երվանդ Մինասյանը: Նա նշեց, որ այդ ընտրությունը կատարվել է մեկ հիմնական նպատակով, որպեսզի հնարավոր լինի խոչընդոտել Լիբանանի նախկին  վարչապետի՝ Ռաֆիկ Հարիրիի սպանության բացահայտումը:

Մինասյանի խոսքով՝  Նաջիբ Միքաթիի ընտրության հարցում մեծ է եղել  շիաների, եւ մասնավորապես Իրանի ջանքերը։ Ըստ նրա՝ նոր վարչապետի ընտրությունն ամբողջությամբ փոխելու է երկրի կառավարման պատկերը եւ ողջ Լիբանանի ճակատագիրը։ «Աներկբա է, որ դեմոկրատական ուժերն էին, որ առաջ էին տանում երկրի կառավարման գործընթացը, որոնք հիմնականում Լիբանանի նախկին վարչապետի՝ Սաադ Հարիրիի կողմնակիցներն են։ Իսկ այժմ երկրի կառավարումը ընթանալու է այլ տրամաբանությամբ,  փոխվելու է վերաբերմունքը քրիստոնյա ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Չի բացառվում, որ նրանցից շատերը այլեւս անզոր լինեն ապրել երկրում եւ լքեն այն»:

Ըստ արեւելագետի՝ առկա ճգնաժամը կարող է մտնել  բարդ փուլ, քանի որ մեծ է բախումների  հավանականությունը շիաների եւ նախկին վարչապետ Սաադ Հարիրիի կողմնակիցների միջեւ, թեեւ Հարիրին հանդես է եկել հայտարարությամբ եւ կոչ արել իր կողմնակիցներին չդիմել բռնի գործողությունների:

Հարցին, թե առկա ճգնաժամը հնարավոր կլինի՞  լուծել խաղաղ ճանապարհով, թե՞ քաղաքացիական պատերազմի վտանգ կարող է լինել, NEWS.am-ի զրւցակիցն արձագանքեց. «Այս հարցում մեծ է միջազգային հանրության վերաբերմունքի դերը: Հայտնի է, որ ՄԱԿ-ը դեմ է,  որպեսզի երկրի կառավարման ղեկը ստանձնի  «Հըզբոլահի» կողմից հովանավորված վարչապետը: Այնպես որ՝ Լիբանանում շահեր ունեցող երկրներից է կախված առկա իրավիճակի հանգուցալուծումը: Մասնավորապես ԱՄՆ-ն  արդեն հայտարարել է, որ «Հըզբոլահի» կողմից առաջադրված վարչապետի ընտրության պարագայում  դադարեցնելու է Լիբանանին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելը»,-ասաց Մինասյանը: Նա նաեւ հավելեց, որ «Հըզբոլահին» միացած քաղաքական ուժերը քաջ գիտակցում են, որ դրսից ֆինանսական աջակցության դադարեցման դեպքում նոր կառավարությունը չի կարող երկար գոյատեւել:

Նշենք, որ վարչապետի պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածու՝  խորհրդարանի  «Մարտի 14» դաշինքի  ղեկավար Սաադ Հարիրին, եւ «Հըզբոլլահի» թեկնածու Միքաթին: Քվեարկության արդյունքում Հարիրին ստացել է 60, իսկ Միթաքին 68 ձայն:

Ինչպեսեւ պահանջում է երկրի սահմանադրությունը, Լիբանանի նախագահը նոր կառավարություն ձեւավորելու գործը հանձնարարել է  հենց Միքաթիին:

Հիշեցնենք, որ Լիբանանի կառավարությունը հունվարի 12-ի երեկոյան հրաժարական էր ներկայացրել:

Շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հըզբոլլահ» շարժումն իր դաշնակիցների հետ լքել է կառավարությունը` բողոքելով նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը հետաքննող Միջազգային դատարանի գործունեությունը քաղաքականացնելու դեմ: Քաղաքական ճգնաժամը երկրում ծագել է, երբ պարզ է դարձել, որ առաջիկայում Միջազգային դատարանը պատրաստվում է հրապարակել 2005 թվականին տեղի ունեցած սպանության հետաքննության արդյունքները` հիմնական մեղքը բարդելով հենց «Հըզբոլլահ»-ի անդամների վրա: