Այսօր` հունիսի 26-ին, ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման, երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
«Քննարկման ընթացքում տվել եմ մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ լինել խիստ հետևողական, որպեսզի արդիականացման, վերազինման աշխատանքներն իրականացվեն պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան:
Այնուհետև շրջայց եմ կատարել կայանում, եղել տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացել եմ վերանորոգման, արդիականացման աշխատանքների ընթացքին, առաջիկա անելիքներին»,-գրել է նախարարը:




























