ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների թափուր տեղերի համար ստացվել է 83 դիմում՝ 28 թափուր տեղի համար, սակայն ընտրություններից հետո 8 տեղ այդպես էլ մնացել է թափուր։ Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ  Ռադիկ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ չընտրվելու հիմնական պատճառն այն է, որ տարաձայնություն է եղել ընտրողների գնահատականի մեջ։

«Մենք չպետք է մոռանանք, որ ամեն մի ընտրություն վերջին հաշվով  սուբյեկտիվ գործընթաց է։ Այստեղ դեր է խաղում նաեւ մարդկային գործոնը, որը սուբյեկտիվ է»,-ասաց Ռ. Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ մարդկային հարաբերությունների խնդիրը եւ սուբյեկտիվ գործոնը միշտ էլ եղել է, սակայն այն ավելի շատ դրսեւորվել է հենց վերջին ընտրություններում։

Ռ. Մարտիրոսյանի խոսքով՝ ընտրության կանոնակարգը չի կարող արմատական փոփոխությունների ենթարկվել, քանի որ այն «դարերով եկած ավանդույթ է», սակայն ակադեմիայի նախագահը նաեւ նշեց, որ այժմ Ազգային ժողովում է գտնվում ՀՀ ԳԱԱ-ի մասին օրենքը, որը ենթադրում է մի շարք դրական փոփոխություններ, այդ թվում՝ ակադեմիայի կարգավիճակը հատուկ օրենքով կկարգավորվի, ակադեմիայի ինստիտուտների կոլեկտիվների ներկայացուցիչները կմասնակցեն ընտրություններին, ակադեմիայի նախագահը չի կարող ընդրվել ավելի քան 2 տարի անընդմեջ եւ այլն։

Նշենք, որ ԳԱԱ-ի ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 27-28-ին` ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում: