Եվրամիության անդամ երկրների առաջնորդները պահանջել են ՌԴ–ից ավելի ակտիվ ջանքներ գործադրել 2014 թվականին Դոնբասի երկնքում մալայզիական «Բոինգ» ինքնաթիռի աղետի հետաքննության ուղղությամբ։ Համապատասխան կոչը արվել է հունիսի 29-ի գիշերը հրապարակված բանակցությունների ամփոփիչ հայտարարությունում, փոխանցում է DW–ն։

«Եվրոպական միությունը հաստատում է իր ամբողջական աջակցությունը MH17 չվերթն իրականացնող ինքնաթիռի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի (ԱԽ) 2166 բանաձեւին։ Եվրախորհուրդը կոչ է անում ՌԴ–ին ամբողջությամբ աջակցել ճշմարտության, արդարության բացահայտմանը եւ պատասխանատվության հաստատմանն ուղղված ջանքներին»,–նշված է փաստաթղթում։

ՄԱԽ ԱԽ վերոհիշյալ բանաձեւը աջակցություն է խոստանում Ուկրաինային տվյալ միջադեպի միջազգային հետաքննության հարցում եւ լուրջ մտահոգություն է հայտնում, որ «զինված խմբերը» այդ շրջանում խոչընդոտում են «համապատասխան քննչական մարմինների անսահմանափակ հասանելիությանը» միջադեպի վայրում։

Ամստերդամից Կուալա Լիմպուր թռչող MH17 չվերթի կործանման հետեւանքով 298 մարդ է զոհվել, մեծամասնությունը՝ Նիդերլանդների քաղաքացիներ։ Կրեմլում հերքում են ավիաաղետին իրենց ներգրավվածությունը։