Իրավիճակը բավականին լարված է, եւ օր անգամ չի լինում, որպեսզի Ադրբեջանում բավականին լայնածավալ զորավարժություններ չանցկացվեն: Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի տնօրեն, փորձագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ զինված ուժերի կենտրոնացումը տեղի է ունենում ոչ միայն Ղարաբաղի ուղղությամբ է, այլեւ՝ Հայաստանի հետ սահմանի՝ Նախիջեւանի եւ Տավուշի հատվածում: «Վտանգն աճել է նաեւ այն իմաստով, որ ադրբեջանական հասարակությունը կարծես պատրաստ է վերսկսել պատերազմը: Այնուամենայնիվ, ես դեռ հույս ունեմ, որ Ալիեւը նման արկածախնդրության չի գնա, քանի որ ավելի խոշոր խաղացողներն այդպիսի ցանկություն չունեն: Սակայն Ալիեւից կարելի է սպասել ամեն ինչ, հատկապես, եթե զորավարժություններ է անցկացնում»,- հավելեց Պապյանը:

Նման պայմաններում, ինչպես նա նշեց, շատ ավելի հեշտ է զորավարժություններից ռազմական գործողությունների անմիջական վերսկսման անցնել, ինչը եւս մեծացնում է հնարավոր ռիսկերը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով  երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը, հայտնել են, որ զորավարժություններում ներգրավված կլինեն մինչեւ 20 հազար զինվորական, մինչեւ 120 տանկ եւ այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի ավելի քան 200 հրթիռաահրետանային համակարգեր, համազարկային կրակի եւ ականանետների համակարգեր, տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիայի մինչեւ 30 միավոր: Զորավարժությունների ժամանակ կհղկվի հարձակվողական օպերացիան: Զորավարճությունների անցկացման վայրը չի նշվում: