Լոռու ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենան, որի վարորդը մի քանի օր առաջ տուգանվել էր Լոռու մարզպետարանի մուտքի մոտ մեքենան կայանելու համար, այսօր կրկին նույն տեղում կայանել էր մեքենան: Մարզպետը խնդիրը լուծելու յուրօրինակ տարբերակ է գտել. հիմա այդ վայրում ցուցական է փակցվել, որ ծառայողական մեքենաներին թույլատրվում է այդտեղ կայանել:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ծառայողական մեքենայի վարորդը տուգանվել էր ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից սխալ տեղում մեքենան կայանած լինելու հիմքով: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ՔՊ-ական փոխմարզպետ Անդրանիկ Ղուկասյանը հայտարարել էր մարզպետին սպասարկող մեքենայի վարորդի կողմից չթույլատրված վայրում կայանելու մասին ու հրավիրել ճանապարհային ոստիկանության ուշադրությունը:
Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հաստատեց՝ այո, վարորդը տուգանվել է, քանի որ խախտումն իրոք եղել է. «Իրականում ես տեսա որ առկա է խախտում, բայց ոչ թե մարզպետի կողմից, այլ մարզպետի ծառայողական մեքենան վարող վարորդի կողմից, եւ վճարը իրականացվել է, քանի որ ոչ մի առավելություն չունի մարզպետի վարորդը: Բոլորը հավասար են օրենքի առաջ, մենք վճարել ենք խախտումը»,- նշեց մարզպետն ու առաջարկեց այժմ ստուգել տեղադրված ցուցանակը, որի վրա ավելացված է ծառայողական մեքենաների կայանումը թույլատրող գրառումը:
Սա թույլ է տալիս մարզպետին մուտքի դիմաց մեքենան կայանելը տեղավորել օրենքի շրջանակներում:
«Գնացեք մի հատ նկարեք այդ արգելող նշանի տակ ինչ է փակցված, որ թյուրիմացությունները չշարունակվեն: Գրված է՝ բացի ծառայողական մեքենաներից, որը նախկինում եղել է, չգիտեմ ինչ-ինչ պատճառներով նախկինում հանվել էր: Տվյալ պահին նշանի տակ այդ գրառումն է հանված եղել եւ դրա համար այդ պահին դա դիտվել է խախտում, բայց 20 տարուց ավել նույն մեքենաները նույն տեղում կայանվել են...»,- ասաց նա:
Միեւնույն ժամանակ Հ. Մարգարյանը մատնացույց անելով ճանապարհային ոստիկանության բացթողումը, նկատեց՝ մարզպետարանին կից «Գուգարք» հյուրանոցի բակում եւս տեղադրված է կայանումն արգելող նշանը:
«Հենց հիմա էլ այդ նույն արգելող նշանը «Գուգարք» հյուրանոցի դիմաց փակցված է, եւ այդ արգելող նշանի համար ոչ ոք չի տուգանվում: Երեւի միակ տուգանվողը իմ վարորդն է եղել...»,- ասում է նա:





























