Եթե ճանապարհային կանոնների խախտումն արել է Ա-ն, բայց ներվի Բ-ին, դա հասցեական եւ արդարացի չէ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Կառավարության նիստում «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրինագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նշենք, որ այս օօրինագծով համաներում է կիրառվում մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնները խախտելու համար առաջացած տուգանքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ:
Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի Վերահսկիչ պալատի ներկայացրած ուսումնասիրություններով հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր ճանապարհային կանոնների խախտման համար տուգանքներից խուսափելու համար:
«Մասնավորապես, տաքսի ծառայությունները մեքենաները գրանցել են գույք չունեցող անձանց անունով եւ միլիոնավոր տուգանքներ են գնացել այդ անձանց հասցեով, որոնք չեն կատարվել: Կան փաստեր, որ այդ անձինք դա իրականացրել են հանցավոր պայմանավորվածությունների արդյունքում, առավել եւս հարուցվել է քրգործ նաեւ այն առումով, որ այդ հանցավոր պայմանավորվածություններին մասնակցություն կարող էին ունենալ նաեւ պաշտոնատար անձինք ոստիկանությունից, ԴԱՀԿ-ից»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս նախագիծը կարո՞ղ է խոչընդոտել այդ գործերի քննությանը, ինչին Արթուր Դավթյանը դրական պատասխան տվեց. «Իրավական գնահատման խնդիր կարող է առաջանալ, որովհետեւ մենք այդ անձանց մեղսագրելու ենք պատճառած վնասներ, որոնք հենց այդ տուգանքներն են: Բացի դրանից էլ կարծում եմ, որ նման իրավիճակներում արդարացի չէ զիջելը: Այսինքն մենք զիջում ենք ոչ ճիշտ սուբյեկտին: Եթե կոնկրետ քաղաքացին թույլ է տվել խախտում, մենք զիջում ենք, դա արդարացի է, բայց եթե խախտումն արել է Ա-ն, բայց ներվի Բ-ին, դա հասցեական եւ արդարացի չէ»:
Փաշինյանը համաձայնեց, որ հանցավոր գործունեության արդյունքում, եթե վնաս է հասցվել եւ եթե այդ մարդկանց եւս կառավարությունը ներում է, նշանակում է վնաս տեղի չի ունեցել, ուստի կարող է խնդիր առաջանա քրեական գործի առումով: «Պետք է օրենքի նախագծում մի տեղ ավելացնել, որ այդպիսի դեպքերի վրա չտարածվի համաներումը: Այնպես չլինի, որ վարչական համաներումը դե ֆակտո դառնա քրեական համաներում այդ գործերով»:
Նշենք, որ օրինագիծը կառավարությունում հավանության արժանացավ:




























