ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 4-ի իր նիստում հավանություն տվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագծին (ֆոտոռեպորտաժ):
Նախագիծը ներկայացնող ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Լեւոն Վահրադյանը նշեց, որ ըստ նախագծի հիմնավորման, մարզական արդյունքների հետեւողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի եւ կխաթարվի, եթե պատանեկան եւ երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված եւ որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկներին չտրամադրվի տարկետման իրավունք. «Հետեւաբար Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը եւ բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը»,- ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նկատեց, որ այս նախագծերը բուռն քննարկումների առիթ են տալիս. «Մեր քաղաքականությունն այս հարցում պետք է վերանայենք եւ այլ մեխանիզմներ ունենանք, որ արդյունավետ գործենք: Որպեսզի ցայտնոտային որոշումեր չկայացնենք՝ կշարժվենք մինչ այս պահը գործող տրամաբանությամբ կամ գրեթե նույն տրամաբանությամբ՝ արձանագրելով, որ այս հարցը պետք է լուրջ վերանայենք: Խոսքը վերաբերում է տարկետում տալուն: Երբ այս մարզիկները կդադարեցնեն իրենց մարզական գործունեությունը, իրենք պետք է զորացրվեն բանակ, այսինքն՝ բանակից ազատվելու մասին խոսք չկա»:
Նշենք, որ նախագծի վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել նաեւ ՊՆ-ն, ըստ որի, ներկայացված 25 քաղաքացիներից 21-ին ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշմամբ սահմանված կարգի 5-րդ կետի 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթակետերի ու 6-րդ կետի հիման վրա առաջարկվող ժամկետներով տարկետում տրամադրելու վերաբերյալ առարկություններ չկան: Մնացած 4-ի դեպքում տարկետումը համարվել է աննպատակահարմար:
Եզրակացությունում նշվում է նաեւ, որ Առաքել Հովհաննեսի Մովսեսյանին (ծնվ.՝ 2000 թ., ըմբշամարտիկ, 2017 թ. պատ. Եվրոպայի առաջնություն 3-րդ տեղ) եւ Կարեն Ենոքի Հովհաննիսյանին (ծնվ.՝ 2000թ., Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքական թիմի անդամ) ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում տալու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ վերջիններս նախկին «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ կառավարության 13.01.2000թ. N 15 որոշման «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակներում օգտվում են ձեռք բերված տարկետումը ձեւակերպելու իրավունքից՝ Ա. Մովսեսյանը՝ որպես Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի 2-րդ կուրսի ուսանող՝ մինչեւ 2020 թ. ամառային զորակոչը, իսկ Կ. Հովհաննիսյանը՝ որպես Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող՝ մինչեւ 2021թ. ամառային զորակոչը:
Ոչ նպատակահարմար են համարում Արման Ալբերտի Միքայելյանին (ծնվ.՝ 1996թ., շախմատ, 2011թ. համաշխարհային պատ. օլիմպիադա, 2-րդ տեղ) եւ Վահե Հրաչյայի Բաղդասարյանին (ծնվ.՝ 1993թ. շախմատ, 2009թ. համաշխարհային պատ. օլիմպիադա, 3-րդ տեղ) տարկետման տրամադրումը, քանի որ տեղեկատվություն առկա չէ վերը նշված ժամկետներից հետո այդ քաղաքացիների կողմից մարզաձեւում ունեցած շարունակական կամ առնվազն այլ հաջողություններ ունենալու վերաբերյալ:





























