ՀՀԿ-ն նախատեսել է տեխնիկական սարքերով ընտրողների գրանցումը միմիայն նույնականացման քարտերի միջոցով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Ընտրական օրենսգրքի շուրջ ձեւավորված ԱԺ աշխատանքային խմբի առաջին նիստի ժամանակ նշեց ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

«Առաջարկում ենք ընտրություններին օգտագործել միմիայն նույնականացման քարտերի միջոցով, քանի որ այդ սարքերը հնարավորություն ունեն չիպ ընթերցելու: Եկեք օգտագործենք այս առիթը մասսայական ID քարտեր տրամադրենք, որովհետեռւ դա բարձրացնելու է որակը: Էլեկտրոնային շատ ծառայություններ հասանելի են, եթե մարդը ունի նույնականացման քարտ: Մտահոգությունը, որ կարճ ժամկետում հնարավոր չէ տալ ID քարտեր, ոչ մի հիմնավորում չունի»,-ասաց նա:

Նրա խոսքով, այլ երկրները նմանատիպ քայլեր արել են, եւ ավարտել են շատ կարճ ժամկետներում.«Հատկապես եթե խոսում ենք 1 տարվա մասին, վստահ եղեք, որ այդ պրոցեսը հանգիստ կարող ենք կազմակերպել»,-ընդգծեց Հարությունյանը:

Մարուքյանի հարցին, թե որքան գումար է անհրաժեշտ եւ ինչ ժամանակ կտեւի դա՝ հաշվի առնելով այն խնդիրները քարտերի տպման հետ կապված, Դավիթ Հարությունյանն արձագանքեց. ««Կառավարությունը այն ժամանակ, երբ ես դեռ այնտեղ էի աշխատում, նախապատրաստել էր նոր մրցույթ, որովհետեւ դժգոհ էինք այն ընկերությունից, որը տրամադրում էր տվյալներ: Մենք համարում էինք, որ գները համարժեք էին ժամանակակից շուկայական իրավիճակին, մենք համարում էինք, որ կարելի է շատ ավելի բարձր որակի ID քարտեր արտադրել եւ պատրաստ էր մրցույթային փաթեթը, որ միջազգային մրցույթ անցկացվեր նոր ընկերությունների հետ: Նախաորակավորումն արվել էր եւ աշխարհի լավագույն ընկերությունները մասնակցել էին այդ փուլին, բայց ես հիմա տեղյակ չեմ, թե գործընթացն ուր է հասել։ Բայց այն, որ դա կարդարացներ իրեն, դա փաստ է»:

Դավիթ Հարությունյանը նկատեց նաեւ, որ ԵՄ–ն ուներ գումարային աջակցություն Հայաստանին, կախված կլիներ թե քանի ID քարտ Հայաստանը կտա իր քաղաքացիներին. «Նրանք շահագրգիռ էին, որ հնարավորինս շատ մարդիկ օգտվեն ծառայությունից, ուստի աջակցությունը կապել են թե քանի ID քարտ կտպենք, կբաժանենք բնակչության»:

Որպես մեկ այլ ֆինանսական աղբյուր Դավիթ Հարությունյանը նշեց հետեւյալը. «Ցանկացած արտահերթ ընտրության հետ կապված հատկապես այս իրավիճակում մենք կունենանք դոնորներ։ Ես առաջարկում եմ օգտագործել մոմենտումը Հայաստանի համար անենք երկարաժամկետ լավ բան բացի ընտրություններից։ Եթե կառավարությունը կասի՝ օգտագործեք պահը` օգտագործենք, եթե ոչ` չօգտագործենք»:

Դիտարկմանը, թե  ինչո՞ւ նախորդ ընտրությունների ժամանակ սա չարվեց:

«Ավելի ուշ ենք հանգրվանել այս մտքին: Մի ընկերություն կար, որից դժգոհ ենք, մենք ուզում ենք նոր նմուշի ID քարտ, եւ հիմա սա պատմական շանս է: Սա գաղափար է, որ նվեր է տրվում կառավարությանը»,-ասաց նա: