ՀՀԿ-ն առաջարկում է, որ բացի ընտրողների գրանցումը, տեխնիկական սարքերով իրականացվի նաեւ քվեարկությունը տեխնիկական սարքերով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Ընտրական օրենսգրքի շուրջ ձեւավորված ԱԺ աշխատանքային խմբի առաջին նիստի ժամանակ նշեց ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
«Մեր առաջարկության մեջ ներկայացնում ենք նմանատիպ մի սարքի նկարագրություն: Խոսքն այն մասին, որ ինչ-որ ձեւով քվեաթերթիկի վրա նշում է արվում, որն ակնհայտ չէ, որ նշում է, բայց մյուս կողմից դա նշում է կամ հոգեբանական ճնշման ձեւ: Օրինակ ընտրողին ասում են՝ քվեաթերթիկը այս անկյունում մի թեթեւ կծալես, որ պարզ չլինի պատահական ծալված է, թե ոչ, հետո մենք կստուգենք: պարզ է, որ ոչ ոք ի վիճակի չէ դա ստուգել, բայց դա հոգեբանական ճնշում էր: Երկրորդը, քանի որ քվեաթերթիկներն անսահմանափակ են, այն անձին, որին ուզում ես պարտադրել, որ քվեարկի քո օգտին, տալիս ես քվեարկած քվեաթերթիկ եւ ասում ես՝ դու ունես ուղիղ երեք վայրկյան ընտրելու, հակառակ դեպքում՝ ուրեմն դու քվեաթերթիկը շպրտում էիր, ուրիշ քվեաթերթիկ էիր վերցնում: Այս երկու հնարավոր խախտումների պայքարի դեմ ես երկար մտածել եմ եւ կարծում եմ՝ միակ լուծումն այս սարքերն են, որոնց նկարագրությունը ներկայացվել է»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ գաղափարը հետեւյալն է. «Կա սովորական թաչ-սքրին, ընտրողը մոտենում է սենսոր սարքին, կուսակցության սիմվոլները կամ անունները կան, մատով կպչում է, բացվում է կուսակցության ցուցակը, մատով կպչում է, բացվում է համապատասխան թեկնածուի անունը, եւ տպվում է քվեաթերթիկը: Ապակու տակ անձը տեսնում է քվեաթերթիկը: Տեսնելով, որ քվեաթերթիկը արտացոլում է իր քվեարկությունը, սեղմում է կոճակը, քվեաթերթիկն ավտոմատ ընկնում է քվեատուփի մեջ: Լույսը մարում է եւ հաջորդ մտնողը չի կարող տեսնել, թե այնտեղ ինչ քվեաթերթիկ է գտնվում: Սարքը կա, աշխատում է, առաջարկում եմ այս ուղղությամբ մտածել՝ նաեւ ներգրավելով դոնորների՝ ներգրավելու պատրաստակամությունը»:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ այն անձինք, ովքեր վատ տեսողություն ունեն, այս սարքի միջոցով քվեարկում են, սարքն ունի ականջակալներ, կամ ինքը մատով սեղմում է, հերթով թվարկում է եւ քվեարկում է: Նույնիսկ կաթվածահարները կարող են սարքի միջոցով ինքնուրույն քվեարկել:
Թթե ինչու նախորդ ընտրության ժամանակ այս համակարգը չի ներդրվել, ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը նշեց, որ նախկինում քննարկումների ժամանակ նշվում էր, որ քվեարկության ավտոմատացումը պետք է լինի փուլային, այլապես ընտրողի համար անորոշությունը շատ մեծ է:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկեց օգտագործել Դանիել Իոաննիսյանի առաջարկը, որը թանկ չէ, երբ ընդամենը ընտրողը վերցնում է քվեաթերթիկը, առանց գրիչ օգտագործելու, առանց որեւէ նշում անելու դնում է ծրարի մեջ եւ գցում քվեատուփի մեջ. «Այսինքն այդ դեպքում կարուսելի տեխնիկան չի աշխատի»:
Դավիթ Հարությունյանը հակադարձեց, որ այդ դեպքում էլ կարող են քվեաթերթիկը մի թեթեւ ծալելու եղանակով ճնշում գործադրել ընտրողի վրա:
Ելք խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը նշեց, թե հիմա իրավիճակ է փոխվել, այն ժամանակ 10 հազար դրամ կաշառքով էին քվեարկում, իսկ հիմա ընտրակաշառք բաժանողը շատ լավ գիտի, որ անմիջապես կձերբակալվի նման փորձ անելու դեպքում:
Դավիթ Հարությունյանն էլ նշեց, որ եթե իշխանությունը չի համաձայնում իրենց առաջարկին՝ կիրառել լրացուցիչ մեխանիզմներ վստահության մծացման համար, կասկածի տեղիք կարող է տալ:





























