ՀՅԴ-ն առաջարկում է ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսի ազդեցության վերացմանն ուղղված քայլեր իրականացնել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Ընտրական օրենսգրքի շուրջ ձեւավորված ԱԺ աշխատանքային խմբի առաջին նիստի ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա առաջարկեց ներդնել ընտրական իրավունքի ազատ իրացման դեմ կիրառվող ֆինանսավարչական ներգործությունները կանխող եւ բացահայտող մեխանիզմներ: «Խոսքը ոստիկանությունում հատուկ ստորաբաժանում ստեղծելու մասին է, որին մենք մեծ կարեւորություն ենք տալիս: Դրա համար Ընտրական օրենսգիրքը պետք է սահմանի այդ լիազորությունները, պահանջները եւ այլն: Մենք սրա հետ ենք կապում նաեւ վարչապետի ենթակայությունից ոստիկանությունը հանելու խնդիրը: Եթե մենք ուզում ենք, որ ոստիկանությունում ընտրություններով զբաղվող ստորաբաժանում գործի, վարչապետը ով էլ լինի, ինչ-որ քաղաքական ուժի ներկայացուցիչ է եւ առնվազն ճիշտ չէ որ ոստիկանական համակարգը լինի անմիջապես վարչապետի ենթակայության ներքո»,-հայտարարեց Ռուստամյանը:

ՀՅԴ-ի հաջորդ առաջարկը, ըստ Ռուստամյանի, ընտրությունների հնարավոր կեղծիքների ծավալ արձանագրող գործիքակազմի ստեղծումն է. «Մասնավորապես, պատահական ընտրանքով առանձնացված որոշակի թվով տեղամասերի ընտրությունների արդյունքների ստուգման ու վերլուծության եզրակացության տարածումը ողջ ընտրությունների վրա»,-ասաց նա։

Ռուստամյանը նշեց, որ ամեն անգամ ընտրություններից հետո բոլորը խոսում են կեղծիքների մասին, գործը հասնում է դատարան, իսկ դատարանը գրեթե միշտ եզրակացություն է տալիս, որ ընտրություններում կեղծիքները չեն ազդել արդյունքների վրա: Ի վերջո, մի օր պե՞տք է հասկանանք, թե որ կեղծիքներն են ազդում ընտրությունների վրա: Դրա համար, ենթադրենք 2000 տեղամաս է, 100 տեղամաս ավտոմատ առանձնացվում է, այդ 100 տեղամասում տեղի է ունենում արդյունքների վերլուծություն եւ եթե պարզվում է, որ անճշտություններն ու կեղծիքները 10 տոկոս են կազմում, դա տարածվի բոլոր 2000 ընտրատեղամասերի վրա: Սա թույլ տկա որոշել, թե արդյոք ընտրակեղծիքներն ազդել են արդյունքների վրա, թե ոչ»,-ընդգծեց Ռուստամյանը:

ՀՅԴ առաջարկներից մեկն էլ վերաբերում էր ընտրություններից առաջ ողջամիտ ժամկետներով դադարեցնել բարեգործական կազմակերպությունների կողմից բարեգործական ակցիաների կատարումը, բացառել այն բարեգործական կազմակերպությունների գործունեությունը, որոնց անվանումը կարող է նմանեցվել ընտրություններին մասնակցող այս կամ այն կուսակցության կամ թեկնածուների անուններին: «Բարեգործական կազմակերպության անվանումը չպետք է համընկնի կուսակցության կամ դաշինքի անվան հետ»,-ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ եթե կա «Պողոս Պողոսյան» անունով հիմնադրամ, նույն անունով կուսակցություն կամ դաշինք չպետք է մասնակցի ընտրություններին:

«Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն առարկեց՝ նշելով, որ բավարար է գործող կարգավորումը, որ քարոզչության ժամանակ պետք է դադարեցվի բարեգործությունը:

ՀՅԴ-ի առաջարկներից են նաեւ  Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոյին անվճար տրամադրվող եթերաժամերի քանակի եւ հեռարձակման ժամերի վերանայումը, նաեւ ընտրական ծախսերը սահմանափակող եւ վերահսկող միջազգային փորձին համապատասխան գործուն համակարգի ներդրումը. «Եթե պարզվեց, որ X գումարից մեկ լումա ավել է ծախսվել, կուսակցության գրանցումը պետք է դադարեցվի»:

ՀՅԴ-ն առաջարկում է նաեւ վերանայելը եւ խորացնել ընտրական հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերը։