Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքում հունվարի 26-ին կեսօրին տեղի է ունեցել ինքնափլուզում: Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարար ծառայության փրկարար ջոկատը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ եռահարկ շենքի (կառուցված է 1926թ., վթարայնության 4-րդ կարգի, բնակվում է 216 մարդ) 3-րդ հարկի ճակատային հատվածից 5 քար պոկվել եւ ընկել են 1-ին հարկի բնակելի օժանդակ կառույցի հարեւանությամբ, զոհեր եւ վիրավորներ չկան:
Շինության զննումից պարզվել է, որ նույն հատվածում կան մի քանի թուլացած քարեր, որոնց վնասազերծումն այդ պահին հնարավոր չէ, քանի որ կառաջանա տանիքի կոնստրուկցիաների փլուզման վտանգ:
Դեպքի մասին տեղյակ են պահել Շիրակի փոխմարզպետ Ս.Պետրոսյանին եւ քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Գ.Հովհաննիսյանին:





























