Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արդեն քանի անգամ հյուրընկալել է ավտորիտար առաջնորդների, ինչպիսիք են Պուտինը, Ալիեւը, այժմ՝ նաեւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Այս մասին նշվում է հրեական Jewish Telegraphic Agency-ից Չարլզ Դանսթի հեղինակած հոդվածում:
Քննադատների կարծիքով՝ վարչապետը քծնում է ավտորիտար կառավարություններին եւ աչք փակում նրանց ռեժիմների՝ հոլոքոստի ռեվիզիոնիզմի եւ հակասեմական որոշակի տրամադրությունների վրա:
Վերջերս վարչապետի ելույթների հիմնակետն է դարձել Իսրայելի եւ արտասահմանի հանդիսատեսին վստահեցնելը, որ Իսրայելն այլեւս քաղաքականապես մեկուսացված չէ եւ նոր ամուր կապեր է հաստատում աշխարհի մի շարք երկրների հետ: Վերջին տարիներին Նեթանյահուն կա՛մ այցելել, կա՛մ հյուրընկալել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, հուլիսին էլ ծրագրում է հյուրընկալել Հունգարիայի վարչապետ Օրբանին, սեպտեմբերին՝ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին:
Նեթանյահուն միջազգային հարթակներում հաճույքով օգտվում է վերջինների աջակցությունից: Սակայն քննադատությունները կրկին լսելի դարձան այն բանից հետո, ինչ նա այս շաբաթ հաստատեց, որ հուլիսի 18-20-ին կհյուրընկալի Օրբանին: Իսրայելի բազմաթիվ օրենսդիրներ ահազանգել են այդ մասին՝ Նեթանյահուին հիշեցնելով, որ խնդրահարույց հարցերից զատ՝ Հունգարիայի առաջնորդը քարոզարշավով է հանդես եկել հունգարացի-ամերիկացի բարեգործ Ջորջ Սորոսի դեմ, ինչը շատերը որակել են որպես անուղղակի հակասեմականության արտահայտություն:
Նեթանյահուի կողմնակիցները հիմնավորում են վերջինի քայլերը նրանով, որ նա պատրաստակամ է ընդլայնելու դիվանագիտական հարաբերությունները ե՛ւ ժողովրդավար, ե՛ւ ավտորիտար ռեժիմների հետ, ինչն էլ անհրաժեշտ է պետության գոյությունն ամրապնդելու համար:
Այնուամենայնիվ, բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ ներկայիս աջակողմյան ազգայնականության ալիքի տարածման պարագայում Իսրայելն անբարենպաստ կարգավիճակում է, քանի որ միշտ էլ նման ուղղվածությունն աշխարհի հրեաների շահերին դեմ է աշխատել:
Իսրայելում 2011-2017 թվականներին ԱՄՆ դեսպան Դանիել Շապիրոն քննադատել է Նեթանյահուի գործելակերպը: Շապիրոն ասել է, որ ավտոկրատների առջեւ կարմիր գորգ փռելն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անհաջող դիվանագիտական ուղղվածության շարունակությունն է, որով Ռուսաստանի, Չինաստանի եւ Հունգարիայի հետ հարաբերություններում շահելով՝ Իսրայելը կորցնում է Գերմանիայի, Միացյալ Թագավորության եւ Ֆրանսիայի հետ բարիդրացիական կապերը:
Հոդվածագիրը քննադատում է Նեթանյահուի այս գործելաոճը՝ նշելով, որ վերջինի հարաբերություններն Օրբանի հետ առավել քան հասկանալի են. «Նրանք երկուսն էլ ձգտում են էթնոկենտրոն անազատականության, երկուսն էլ ատում են ազատական արժեքները, հատկապես՝ Ամերիկայի հրեաների ողջունածները, երկուսն էլ անհանդուրժող վերաբերմունք ունեն ներգաղթյալների հանդեպ, մամուլի խոսքի ազատության երդվյալ թշնամիներ են, նվիրված են Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին եւ իրենց ճակատագրերով կապված են Դոնալդ Թրամփի հետ»:




























