Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի քննարկման հարցով խորհրդարանական 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի հաջորդ նիստին ներկա կլինեն նաեւ կառավարության ներկայացուցիչները: Այս մասին, աշխատանքային խմբի նիստի սկզբում հայտարարեց նիստը վարող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ ընտրական բարեփոխումների հարցով կառավարությունում ստեղծված հանձնաժողովի նախագահ, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, բայց նրանք այսօր չեն կարող մասնակցել այս նիստին, քանի որ այսօր քննարկում ունեն լրատվամիջոցների խմբագիրների, լրագրողների հետ նույն ընտրական օրենսգրքի վերաբերյալ:
«Հաջորդ նիստից կփորձենք միատեղել մեր աշխատանքները: Իրենց կողմից բարձրացվեց հարցը, թե որքանով է նպատակահարմար երկու առանձին աշխատանքային խմբերի աշխատանքը եւ կա՞ արդյոք անհրաժեշտություն միացնել ստեղծել մեկ աշխատանքային խումբ ինչ-որ ձեւաչափով»,-ասաց Զոհրաբյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այս առնչությամբ նշեց. «Պետք է նախ հասկանալ՝ մենք դուրս ենք գալու Ընտրական օրենսգրքի մեկ նախագծով, թե երկու նախագծով: Մեր կարծիքով, պետք է լինի մեկ նախագիծ, որ հասկանալի լինի, որ համաձայնության արդյունքում ունենք մեկ նախագիծ, որն ուղարկվելու է Վենետիկի հանձնաժողով: Եթե կառավարությունն ուզում է առանձին գնալ, ունենալու ենք երկու տարբեր նախագծեր, որոնց քննարկման կարգը ԱԺ-ն ունի: Բայց դա ճիշտ ճանապարհ չէ»:
ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանն էլ հիշեցրեց, որ նախկինում առաջարկ էր արվել, որ խորհրդարանական 4 ուժերից 3-ականա ներկայացուցիներին միաանա 4-րդ եռյակը՝ կառավարության կողմից:
ՀՀԿ-ի ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը նկատեց, որ Ընտրական օրենսգիրքը քաղաքական փաստաթուղթ է, կառավարությունում ստեղծված հանձնաժողովը կարող է փորձագիտական կարեւոր դեր կատարել, բայց նա պետք է նախագիծ պատրաստի քաղաքական պատվերի հիման վրա, եթե ուզում է ունենալ կոնսենսուսային նախագիծ. «Եթե կառավարությունը կարծում է, որ ունի բավականաչափ ռեսուրսներ, որ կարող է իր նախագիծը բերել ԱԺ եւ անցկացնել՝ ընդունեք, կամ մի ընդունեք ձեւաչափով, դա չի լինի կոնսենսուսի արդյունք»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանն էլ ամփոփեց, որ հաջորդ նիստին ներկա կլինի Արարատ Միրզոյանը եւ ինքը կհայտնի իրենց տեսակետը, թե ինչպես են տեսնում համագործակցությունը:
Նաեւ որոշվեց, որ արտախորհրդարանական ուժերին առաջարկել 15-օրյա ժամկետում առաջարկներ ներկայացնել ընտրական օրենսգրքի վերաբերյալ:





























