«Ելք» դաշինքն առաջարկում է ԱԺ ընտրությունների ժամանակ հեռուստատեսային բանավեճերի կազմակերպումը հանրային հեռուստատեսության կողմից պարտադիր նորմ դարձնել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխություններից հարցով աշխատանքային խմբի նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ հավելելով, որ կազմակերպումը պետք է լինի պարտադիր, իսկ մասնակցությունը՝ կամավոր, քանի որ կուսակցություններին հնարավոր չէ պարտադրել, որ անպայման մասնակցեն բանավեճերին:
Նա առաջարկեց նաեւ, որ անվճար եթերաժամանակը ընտրություններին մասնակցող ուժերի համար ավելացվի:
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը այս առնչությամբ նշեց, որ պարտադիր բավանեճերի կազմակերպումն այնքան էլ լավ գաղափար չէ, թեեւ բանավեճերը լավ բան են:
«Օրինակ, եթե ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն, ապա անարդյունավետ է բոլորին միանգամից հրավիրել բանավեճի: Եթե դա դառնում է պարտադիր, անպայման հարց է առաջանում, թե ով է ներկայացնում այս կամ այն քաղաքական ուժին այդ բանավեճի ժամանակ: Հաճախ լինում է հակառակը, երբ ասենք դիմացի կուսակցությունից գալիս է կուսակցության ղեկավարը, այս կողմից ուղարկում են ասենք 15-րդ տեղը զբաղեցնող «զոռբայիկներից» մեկին՝ ցույց տալով, որ սա է քաղաքական ուժերի հարաբերակցությունը:
Այս ֆորմատը լավը չէ, առաջարկում եմ, որ ցանկացած երկու քաղաքական ուժ կամ ուժեր, եթե պայմանավորվում են բանավեճի մասին, ապա Հանրային հեռուստատեսությունը պարտավոր է դա ապահովել: Հաճախ ընտրություններին մասնակցում են 10 ուժեր, բայց ծանրաքաշները երկու-երեքն են լինում եւ ցանկություն չի լինում բանավիճելու մի ուժի հետ, որը մի ավտոբուս անդամ ունի»,-նկատեց Դավիթ Հարությունյանը:
Լենա Նազարյանի խոսքով, Հայաստանում կուսակցությունները հաճախ խուսափում են բանավիճելուց եւ ընտրողը չի կարողանում տեսնել, թե որ ուժերն են ավելի պատրաստված. «Կարելի է կարգավորել, որ ցուցակի նույն համարի ներկայացուցիչները իրար հետ բանավիճեն: Իսկ եթե որեւէ կողմը չի ցանկանա բանավիճել, դա էլ կլինի ցուցանիշ ընտրողի համար»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանն էլ առաջարկեց, որ ավելի լավ է կուսակցություններն իրար հրապարակային բանավեճի հրավիրեն ու եթե մերժում ստանան, դա կլինի ցուցանիշ:
ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանն այս առնչությամբ մեկ այլ խնդրի վրա ուշադրություն հրավիրեց. ««Եթե բանավեճ կազմակերպողը չի կարողանում դա պատշաճ ձեւով կազմակերպել, ստացվում է ոչ թե բանավեճ, այլ «գյալաջիություն» եւ հանրության մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ հաղթեց նա, ով բարձր գոռաց»:
Ի վերջո, Լենա Նազարյանը համաձայնեց ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի առաջարկներին, որ եթե քաղաքական ուժերի միջեւ կա բանավեճի համաձայնություն, այդ դեպքում՝ միայն «Հ1»-ի պարտավոր լինի կազմակերպել դա:





























