Եթե մենք չերաշխավորենք մանդատներ տարածքների համար, չենք ունենա տարածքային ներկայություն: Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին ՀՀ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստում հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ պետք է լինի մեխանիզմ, որը կխթանի կուսակցություններին տեղերում քաղաքականությամբ զբաղվել, կխթանի կուսակցություններին ունենալ տեղական կազմակերպություններ:

«Եթե անցնենք մեկ միասնական համամասնական ցուցակի, անգամ բաց ցուցակի, ես մտահոգություն ունեմ, որ մենք կսպանենք քաղաքականությունը մարզերում: Ինչ վերաբերում է փակ ցուցակներին, ես ավելի մեծ մտավախություն ունեմ: Փակ ցուցակը հանգեցնելու է մարդ-կուսակցություն կամ վերնախավ-կուսակցություն իրավիճակի, որովհետեւ հիմնական հարց լուծողը լինելու են ցուցակի առաջին 3 կամ 5 հորիզոնականում գրանցված անձինք: Մնացածն արժեք չեն ունենալու»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ այդ մեխանիզմը անվանելով «պառավոզ»:

Նա կոչ արեց չհրաժարվել բաց տարածքային ցուցակներով ընտրակարգից՝ նշելով, որ կան նաեւ միջանկյալ լուծումներ: Դավիթ Հարությունյանը նկատեց, որ եթե ընտրություն կատարեր փակ տարածքային ցուցակի եւ բաց միասնական ցուցակի միջեւ, ինքը կընտրեր առաջինը. «Մեզ պետք է խթանել քաղաքականությունը տեղերում»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ համամասնական ընտրակարգի իմաստը հենց այն է, որ մարդն ընտրում է կուսակցություն, ոչ թե անձանց. «Եթե ուզում ենք ընդգծել անձի կարեւորությունը, դրա լավագույն ձեւը մեծամասնական ընտրակարգն էր, երբ կար մեկ անձ եւ պատասխանատվություն: Բայց պրակտիկան ցույց տվեց, որ մարդիկ տարիներով չէին տեսնում իրենց մեծամասնական պատգամավորին: Կուսակցությունը ունի իր ծրագիրն ու ընտրազնվածը եւ եթե մարդը ընտրվել է այդ կուսակցությունից, դա չի նշանակում, որ ինքը միայն Երեւանի խնդիրներով է զբաղվելու, որովհետեւ ինքը Երեւանում է ապրում»,- ասաց նա: