Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ահաբեկչությունը, հայտարարել է, որ դա հնարավոր է դարձել ռուսական սահմանների չափից դուրս բաց լինելու պատճառով:
«Մեզ մոտ բոլոր սահմանները բաց են: Վրաստանը թշնամական երկիր է, իսկ մեր բոլոր սահմանները Հյուսիսային Կովկասում բաց են»,- ըստ zakon.kz-ի, ասել է Ժիրինովսկին:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության լիդեր Ժիրինովսկին առաջարկել խստացնել ոչ միայն միգրացիայի ռեժիմը, այլ նաեւ գրանցման ռեժիմը, «որպեսզի ոչ ոք առանց գրանցման չկարողանա գալ, աշխատել ու ապրել այստեղ, միայն հրավերով կարողանան գալ»:
Հակառակ դեպքում, մենք չենք ազատվի ահաբեկչությունից եւ ամեն ամիս ծաղիկներ կդնենք մեր քաղաքացիների մահվան վայրերում»,- վստահություն է հայտնել ազգայնական գործիչը:
Հատկանշական է, որ այսօր ռուսական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ չի բացառվում, որ «Դոմոդեդովոյի» ահաբեկչության հեղինակը ռուս է՝ ռուս վահաբիտ, անգամ հայտնի է նրա անունը:
«Դոմոդեդովոյի» ահաբեկչությունը տեղի է ունեցել հունվարի 24-ին, որի հետեւանքով զոհվել է 35 մարդ:





























