2010 թ. հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների շահած ՀԴՄ կտրոնների համար կտրամադրվեն «Դեու Նեքսիա» հարավկորեական արտադրության մեքենաներ։ Այդ մասին այսօր՝ հունվարի 27-ի մամուլի ասուլիսում հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը։
Ընդհանուր առմամբ՝ տրվելու է 30 մեքենա։ Քանի որ 8 եւ 7 թվերի համընկնումով շահումներ չեն գրանցվել, մեքենաները բաժին կհասնեն 6 եւ 5 թվերի համընկնումով կտրոններին։ Այս պահին հայտնի է, որ 6 թվի համընկնումով շահել է միայն մեկ կտրոն, իսկ 5 թվի համընկնումով՝ 150-ը։
Մեքենաները կտրվեն 5 թվի համընկնումով շահող այն կտրոնների տերերին, որոնց կտրոնի վրայի նշված գնումն ամենամեծն է։
Ինչ վերաբերում է մեքենայի ընտրությանը, ապա Ա. Ալավերդյանն ասաց, որ անցկացվել է մրցույթ։ ՊԵԿ-ն առաջ է քաշել մինչեւ 5 մլն դրամ արժողության 30 մեքենաների պահանջ, որը կարողացել են բավարարել միայն մի քանի կազմակերպություններ։ Սակայն դրանցից միայն «Դեու»-ի ներկայացուցիչն է կարողացել հավաստիացնել, որ անհրաժեշտ քանակի մեքենաները կմատակարարի հունվարի ընթացքում։ Ալավերդյանը չբացառեց, որ հետագայում խաղարկվող մեքենաների մակնիշը փոխվի:
Նշենք, որ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հետաձգել ՀԴՄ կտրոնների պարգեւավճարների ստացման ժամկետը հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 5-ը։ Բացի այդ փոխվել է խաղարկությունների ժամկետը։ Այսուհետ ՀԴՄ կտրոնների շահումները կխաղարկվեն հաջորդ ամսվա ոչ թե առաջին, այլ երկրորդ շաբաթ օրը:




























