Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01:20-ի սահմաններում Սեւանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են 23-ամյա Դավիթ Դ.-ն («կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ), 22-ամյա Արմեն Հ.-ն («կրծքավանդակի ձախ մասի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ) եւ 22-ամյա Գուրգեն Հ.-ն («դեմքի քերծված վերքեր, վերքային արյունահոսություն, քթի սալջարդ, քթի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ):
Աղբյուրի տեղեկություններով՝ բոլոր վիրավորները «Սեւան Ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության անվտանգության աշխատակիցներ են: Նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել հանրային լողափին հարակից տարածքից:




























