Երեւան քաղաքում ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված էր համակարգում իրար հաջորդած վթարներով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը:
«Անցած շաբաթ օրը տեղի ունեցավ մի վթար, որի հետեւանքով խաթարվեց պոմպերից մեկը։ Վթարված պոմպը փոխարինելուց հետո հաջորդը եւս վթարվեց, եւ այդպես շարունակ։ Պոմպերը վերանորոգելուց հետո հաջորդեց նաեւ ջրատարի վթարը, որի վերականգնումն ավելի բարդ էր, քան պոմպերի փոխարինումը։ Եթե պոմպերի դեպքում ունեինք պահեստային պոմպեր, որոնք անմիջապես վերանորոգեցինք, ապա ջրատարը վերականգնելը շատ ավելի ժամանակատար է, ուստի անհապաղ՝ կիրակի օրը սկսեցինք ջրատարի վերականգնման աշխատանքները»,–նշեց Գոռ Գրիգորյանը։
Նրա խոսքով, աշխատանքները տեւել են 1.5-2 օր. «Այդ օրերին ամբողջ անձնակազմը կենտրոնացած է եղել ջրատարի վերանորոգման ուղղությամբ։ Այդ պահին մենք մտածում էինք քաղաքում ժամ առաջ ջրամատակարարումը ապահովելու մասին»։
«Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրենը հավելեց, որ ստիպված են եղել փոքր ջրաքանակներով ջուր տեղափոխել այն համայնքներ, որոնց վրա ազդում էր ջրամատակարարման դադարը. «Քանի որ ջրամատակարարման դադարը հիմնականում ազդում էր Շենգավիթ եւ Էրեբունի վարչական շրջանների վրա, որպեսզի չթողեինք այս վարչական շրջաններն առանց ջրի շատ ավելի երկար ժամանակով, ստիպված ենք եղել մնացած այլ համայնքներից փոքր ջրաքանակներով տեղափոխել հարավային մաս, այսինքն՝ Շենգավիթ եւ Էրեբունի վարչական շրջաններ, որպեսզի որոշակի գրաֆիկով ջրամատակարարում ապահովենք։ Դա բերեց մյուս համայնքերի դժգոհության»։
Նա ընդգծեց, որ ջրամատակարարումն այժմ վերականգնված է. «Տեխնիկական բոլոր խնդիրներն այս պահին վերացված են։ Ունենք համարյա 90 տոկոսով վերականգնված համակարգ։ Վաղը ոչ ոք ջրամատակարարման դադարի բացասական մասն իր վրա չի զգա։ Բոլոր հնարավոր ռեզերվները միացրել ենք համակարգին եւ անհրաժեշտ ջրաքանակը հասնում է Երեւան քաղաք»։
Գրիգորյանը հավաստիացրեց, որ ջրի գողությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. «Հորդորում եմ ժողովրդին չլսել այն մարդկանց, թե իբր այլ տեղերում ջուր ենք վաճառում։ Նման բան չկա»։
Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ «Երեւան ջուրը» ավելի լավն էր, քան «Վեոլա ջուրը», նա շեշտեց, որ «Երեւան ջուրը» եւ «Վեոլա ջուրը» նույն ընկերություններն են. «Գուցե իրավաբանական առումով նրանք իրավահաջորդներ չեն, բայց անձնակազմի առումով նույն են»։
«Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրենը շեշտեց, որ անհանգստանալու կարիք չկա, պարզապես համակարգն է հին, մաշված, 100 տարվա պատմություն ունի. «Խուճապի կարիք չկա, ամեն ինչ վերահսկելի է։ Ընդամենը մեծ մասշտաբի խնդիր էր»։
Նա չբացառեց առաջիկայում նման իրավիճակների կրկնությունը, սակայն նշեց՝ իրենք ամեն ինչ անում են ջրանջատումները կանխելու համար, փորձում են բարեկարգել համակարգը. «Ներդրումների մասով պետությունն առաջիկա տարիներին նախատեսում է 200 մլն դոլարի ներդրումներ՝ ջրամատակարարման ցանցը վերականգնելու համար։ Երեւանում 85 տոկոսը ունի շուրջօրյա ջրամատակարարում, 15 տոկոսը 17 ժամյա ջրամատակարարում է»։
Գոռ Գրիգորյանը հավաստիացրեց, որ «Ջրաշխարհը» իրենցից ջուր չի վերցնում, այն ունի իր խորքային հորերը։
Սակագնի մասով նա չբացառեց հնարավոր բարձրացումները։





























