Ես Արամ Սարգսյանին ընդունել եմ որպես մրցակից եւ պատրաստ եմ պայքարելու, որ ԵԿՄ-ն ի դեմս ինձ ունենա պատերազմ անցած ղեկավարի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորցի Արոն, ով եւս հավակնում է դառնալ ԵԿՄ նախագահ:
«ԵԿՄ-ն պետք է լիարժեք մտնի միության կացութաձեւի մեջ: Նրանք առաջարկում են, որ ԵԿՄ-ն լինի վարչության կարգավիճակով, իսկ ես առաջարկում եմ ԵԿՄ միության կարգավիճակով, որտեղ լինելու է Միության նախագհ, Միության խորհուրդ եւ Միության գործադիր վարչություն:
Արամ Սարգսյանին սիրում, հարգում եմ որպես ՀՀ քաղաքացի, որպես մեր լավ ընկեր, Վազգենի եղբայր, իսկ սկզբունքային առումով թույլ տվեք ինձ պահել իմ սկզբունքը: Եթե տրված է, որ պատերազմի մասնակիցը ղեկավարի պատերազմի մասնակիցներին հասանելիք օջախը, ես դրա կողմնակիցն եմ»,-հայտարարեց Կոռնիձորցի Արոն՝ տեղեկացնելով, որ իր թեկնածությունն առաջադրված է կազմկոմիտեի, պատերազմ անցած հրամանատարների եւ բազում ՀԿ-ների կողմից, որոնք ժամանակին դուրս են եկել ԵԿՄ-ից՝ անազնվություն ու խարդավանքները տեսնելով. «Մարդիկ ստեղծել են կազմկոմիտե, առաջադրել են ինձ լինել ԵԿՄ նախագահի թեկնածու, ես էլ համաձայնությունս տվել եմ եւ որոշումը փոխանցվել է ԵԿՄ-ին»:
Արա Խուդավերդյանը համաձայնեց հնչող տեսակետներին, որ եթե Արամ Սարգսյանը դառնա ԵԿՄ նախագահ, ապա կառույցն օգտագործվելու է քաղաքական նպատակներով ինչպես նախկինում, պարզապես եթե ժամանակին ԵԿՄ-ն ՀՀԿ-ի օգտին էր գործում, հիմա էլ նոր իշխանությունների օգտին կգործի. «Ճիշտ են ասում, ԵԿՄ-ն ապաքաղաքական, ապակուսակցական կառույց է պատերազմի մասնակիցների համար: Այն անձինք, որոնք որեւէ կուսակցության անդամ կամ գաղափարակիր են, բայց մասնակցել են պատերազմին, նրանք պարտավոր են լինելու ԵԿՄ անդամ եւ իրենք թող որոշեն՝ մասնակցում են կուսակցական խաղերին, թե ոչ: Բայց ընդհանուր կառույցը ապակուսակցական կառույց է եւ տվյալ անձինք իրավունք չունեն ԵԿՄ-ում տարածելու կուսակցական գաղափարախոսություն, որովհետեւ ԵԿմ-ն իր միսիան չի կատարել»:
Նրա խոսքով, Արամ Սարգսյանի ԵԿՄ նախագահ դառնալու դեպքում՝ կառույցը ոչ միայն կքաղաքականացվի, այլեւ տվյալ քաղաքական կերպարը քաղաքական դաշտում կունենա գերհզոր ուժ՝ ի դեմս ԵԿՄ 78 հազար անդամների. «Իրեն այլեւս ոչ մի կոալիցիոն դաշտ պետք չի լինի եւ նա կգերակշռի իր մրցակիցներին: Դա վտանգ է քաղաքական դաշտի համար: Ինձ ու իմ շրջապատի մոտ նման մտահոգություն կա»:
Ճշտող հարցին, որ Արամ Սարգսյանը ԵԿՄ գործոնը կօգտագործի ընտրությունների ժամանա՞կ, Կոռնիձորդի Արոն պատասխանեց. «Ես որ լինեի, կօգտագործեի իմ շահի համար: Կընտրվեի մենակ, ոչ մեկի հետ չէի գնա կոալիցիայի եւ երկիրը կղեկավարեի մենակ»:
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 5-ին, ԵԿՄ վարչության փոխնախագահները ԵԿՄ մարզային խորհուրդների, Երևանի և մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների մասնակցությամբ կուլիսի 5-ին անցկացրել են ԵԿՄ ակտիվի նիստ եւ վարչության նախագահի պաշտոնում ներկայացրել են ԵԿՄ անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը: Արամ Սարգսյանն ասել է, որ իրավունք չունի չհամաձայնել:
Ընդլայնված նիստում քննարկվել էր նաև ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու հարցը: Արամ Սարգսյանն առաջարկել է համագումարը հրավիրել սեպտեմբերին:





























