Հայաստանի ԱԺ արտահերթ նիստում այսօր՝ հուլիսի 11-ին քննարկված բոլոր օրինագծերը քվեարկությամբ ընդունվեցին:

Մասնավորապես, առաջին ընթերցմամբ ընդունվեցին հետեւյալ օրինագծերը.

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,

- «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետւոթյան օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

- ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին:

Վերջին օրինագծով առաջարկվում է առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրել տարվա ընթացքում առնվազն վեց կարճատեւ եւ երկու երկարատեւ տեսակցության իրավունք:

Նշենք, որ գործող կարգավորումներով նախատեսվում է տարվա ընթացքում տրամադրել առնվազն երեք կարճատեւ եւ մեկ երկարատեւ տեսակցություն:

ԱԺ-ն ընդունեց նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» եւ  «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» փաստաթղթերը:

Նշենք, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերը երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն հուլիսի 12-ի ԱԺ նիստում: