Հունվարի 26-ին Սպիտակ տունը կրկին Մեթյու Բրայզայի թեկնածությունն ուղարկել է Սենատ՝ քվեարկության: Այդ մասին ասված է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

Նշենք, որ 2010թ. դեկտեմբերին՝ Սենատի արձակուրդի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշանակել էր Բրայզային Ադրբեջանում դեսպանի պաշտոնում:

Հաշվի առնելով, որ սենատորները վետո էին դրել Բրայզայի եւ այլ դեսպանների թեկնածության վրա , Օբաման օգտվել էր օրենսդրության ընձեռած հնարավորությունից:

Սակայն կա մեկ «բայց»: Եթե մինչեւ ԱՄՆ Կոնգրեսի հաջորդ նստաշրջանի վերջը դեսպանները չհաստատվեն Սենատի կողմից, նրանք ստիպված կլինեն լքել իրենց պաշտոնները:

Վաշինգտոնում հունվարի 27-ին կայացել է Բրայզայի երդման արարողությունը: Բրայզան Ադրբեջան է ժամանելու փետրվարի սկզբին:

Բրայզան ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահն է եւ դեսպանի պաշտոնում նշանակվել է դեկտեմբերի 30-ին: