Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ, որի ժամանակ քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը կարեւորել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ճանապարհին Լատվիայի հետ փորձի փոխանակումը: «Հուսով ենք, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական իրադարձությունները կնպաստեն տարածաշրջանում կայունության ապահովմանը եւ խաղաղության հաստատմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացին:

Լատվիայի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ընտրվելու կապակցությամբ եւ նշել, որ Լատվիայում  մոտիկից հետեւել են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին եւ բարձր գնահատել այն հանգամանքը, որ գործընթացը կրել է խաղաղ եւ ժողովրդավարական բնույթ։ Ռայմոնդս Վեյոնիսն կարեւորել է Լատվիայի հայ համայնքի դերը երկրի մշակութային եւ տնտեսական կյանքում, եւ նշել, որ այն հանդիսանում է լատվիական հասարակության արժեքավոր եւ անբաժանելի մասը: 

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանր, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առաջ մղմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, անկախ դատական համակարգի կայացմանը: Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ ՀՀ իշխանությունները մտադիր են անցկացնել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ եւ հավելել, որ Հայաստանը Լատվիային ընդունում է որպես բարեկամ պետություն եւ հույսով է, որ հայաստանյան ժողովրդավարական փոփոխություններն ավելի մոտ կդարձնեն երկու երկրները:

Զրուցակիցները կարեւորել են նաեւ համագործակցությունը ՀՀ-ԵՄ փոխգործակցության, մասնավորապես, Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել լատվիական կողմին՝ վերը նշված համաձայնագիրն առաջիններից մեկը վավերացնելու համար: