«Երեւան Մոլ» առեւտրի եւ զվարճանքի համալիրում գտնվող «Նավապետ Քիդի գանձերի կղզում» բացվել է երեխաների զարգացման կենտրոն (ֆոտոռեպորտաժ): Լրագրողների հետ զրույցում «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնի տնօրեն Աննա Մելքոնյանը նշեց, որ երեխաների զարգացման կենտրոնը նախատեսված է բալիկների երեւակայությունը, ստեղծագործական կարողությունները եւ մանր շարժողական հմտությունները զարգացնելու համար: Ծնողներն էլ շատ ուրախ են, որ այստեղ կա խաղահրապարակին այլընտրանքային տարբերակ, քանի որ նրանք կկարողանան անհոգ առեւտուր անել, իմանալով, որ իրենց բացակայության ընթացքում բալիկները խաղում են ոչ ակտիվ ուսուցողական խաղեր, չեն վազվզում, մագլցում եւ այլն:
««Նավապետ Քիդի գանձերի կղզում» մենք որոշեցինք, որ մի բան է պակասում` զարգացման կենտրոն, որը նախատեսված կլինի փոքրիկների՝ ուսուցողական հետաքրքիր ոչ ակտիվ ժամանց կազմակերպելու համար, քանի որ շատ երեխաներ սիրում են հենց ուսուցողական խաղեր»,- ասաց կենտրոնի տնօրենը:
Նրա խոսքով, նորաբաց խաղասրահում երեխաները կարող են լուծել մանկական գլուխկոտրուկներ, կինետիկ ավազով ծեփել բազմատեսակ ֆորմաներ, հավաքել փազլ, լեգոներ:
«Ունենք խաղալիքների առանձին հավաքածուներ աղջիկների եւ տղաների համար, տիկնիկներ` իրենց տակդիրներով, խոհանոցային պարագաներ, ձեռքի գործիքներ»,- նշեց Աննա Մելքոնյանը:
Նաև, երեխան նկարում է հերոսներ, կենդանիներ կամ իրեր, որոնք վերափոխվելով հայտնվում են պատի էկրանին, տարբեր սյուժեներում, օրինակ` արքայադուստրը` ռոք երգելիս, ձուկը` ջրում լողալիս, ավտոմեքենան` ճանապարհին երթեւեկելիս եւ այլն: Ներկայացված է նաեւ կենդանիներով լի մեծ տուն, որտեղ երեխաները ծանոթանում են տարբեր կենդանատեսակների:
Տնօրենը տեղեկացրեց, որ փոքրիկների զարգացման անկյունում տարիքային սահմանափակում չի գործում, քանի որ այստեղ ոչ մի տրավմատիկ սարքավորումներ չկան. երեխան կարող է խաղալ այս խաղասրահում, եթե իրեն հետաքրքիր են ինտելեկտուալ, ոչ աշխույժ խաղերը:
«Խստագույնս լուծված է նաեւ երեխաների անվտանգության հարցը: Երեխային խաղասրահում թողնելու համար ծնողը գրանցվում է նախատեսված գրանցամատյանում, թողնում իր կոնտակտային տվյալները: Երբ երեխան ցանկանում է դուրս գալ, զանգահարում ենք ծնողին եւ հրավիրում մոտենալ: Երբ ծնողները գալիս են երեխաների հետեւից, աշխատակիցները զանգահարում են գրանցված հեռախոսահամարով` այդպես ստուգելով, տվյալ երեխան տվյալ անձինն է, թե ոչ: Միայն հեռախոսազանգով չի սահմանափակվում. մեր հմուտ մասնագետները նաեւ լրացուցիչ նշումներ են կատարում, որպեսզի ճանաչեն սրահում գտնվող երեխաների ծնողներին»,- բացատրեց կենտրոնի տնօրենը:
Խաղահրապարակում կես ժամ երեխայի մնալն արժե հազար դրամ: Խաղալիքների և սարքգավորումների մեծ մասը բերվել է արտերկրից: Որոշ խաղալինքեր էլ ձեռք են բերվել Megatoys խանութից:
Նշենք, որ «Նավապետ Քիդի գանձերի կղզին» Երեւանում բացվել է 2014 թվականի հոկտեմբերից: Գործում է շաբաթվա յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից 22:00-ն: Իսկ հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 31-ը յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ կաշխատի մինչև 23:00-ն:





























