Իրավիճակը Եգիպտոսում չափազանց պայթյունավտանգ է մնում: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, երկրի մայրաքաղաք Կահիրե ռազմական տեխնիկա է բերվում: Բանակը խմբերի է բաժանվում` Կահիրեի, Ալեքսանդրիայի եւ այլ քաղաքների կարեւորագույն օբյեկտները պաշտպանելու համար: Al-Jazeera հեռուստաալիքը հաղորդում է, որ զինվորականները փորձում են խոչընդոտել թալանչիներին, որոնք մոլեգնում են Սուեցի փողոցներում:
Չնայած պարետային ժամին` հազարավոր մարդիկ շարունակում են մնալ Կահիրեի փողոցներում, հիմնականում հեռուստակենտրոնի մերձակայքում: «Վեստիի» փոխանցմամբ, որոշ տեղերում դեռ շարունակվում են բախումները, իսկ որոշ տեղերում ժողովուրդը «եղբայրանում» է զինվորականների հետ:
Նշենք, որ վերջին տվյալներով, հունվարի 28-ին Կահիրեում հինգ մարդ է զոհվել, մոտ 900-ը` վնասվածքներ են ստացել: Երեք մարդ զոհվել է Սուեցում: Ցուցարարները այրել են կառավարող կուսակցության կենտրոնակայանը Կահիրեում: Շենքը լրջորեն վնասվել է: Բազմությունը փորձել է գրոհով վերցնել հեռուստատեսությունը, խորհրդարանի եւ ԱԳՆ-ի շենքերը, սակայն առայժմ ետ է մղվել ուժայինների կողմից: Հազարավոր եգիպտացիներ «կենդանի վահան» են կազմել Եգիպտական թանգարանի մոտ, որպեսզի պաշտպանել այն թալանվելու հեռանկարից: Որոշ ժամանակ առաջ թանգարանի մոտ մի բանկ են կողոպտել:
Երկրի ամենահին ընդդիմադիր կուսակցությունը պահանջել է ժամանակավոր կառավարություն ստեղծել եւ փոփոխություններ անել Սահմանադրության մեջ` սահմանափակելով նախագահի կառավարման ժամկետները:
Ներկայումս պարետային ժամ է գործում միայն Կահիրեում, Ալեքսանդրիայում եւ Սուեցում, որտեղ առավել լարված իրավիճակ է: Սուեցում սկսել են թալանել պետական շենքերը: Մարդիկ կառավարական շենքերից հանում են անգամ հրդեհամարիչները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եգիպտոսում հունվարի 25-ին սկսվել էին ցույցերը` տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների պահանջով: Ցուցարարները պահանջում են 82-ամյա նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը, ով երկրում կառավարում է արդեն 30 տարի:
Լուսանկարը` Khaled Desouki/AFP/Getty Images





























