Ժամանակը ղարաբաղյան հակամարտության ոչ մի կողմի օգտին էլ չէ. որքան շուտ լուծենք այս հակամարտությունը, այնքան դա կբխի հակամարտության բոլոր կողմերի շահերից: Russia Today-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳ նախարարը համամիտ չէ, որ բանակցությունների ընթացքում կողմերը որեւէ կերպ չեն մոտեցրել իրենց դիրքորոշումները:
«Մենք նախկինում եւս մոտ էինք հակամարտության լուծմանը, օրինակ, դեռ 2001-ին, երբ բանակցություններն ընթանում էին Փարիզում` Ֆրանսիայի միջնորդությամբ: Ֆրանսիան, իբրեւ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, այն ժամանակ ակտիվ դերակատարություն էր ստանձնել, եւ կողմերը շատ մոտ էին հակամարտության կարգավորմանը»,- ասել է Նալբանդյանը:
Ինչպես նշել է նախարարը, ցավոք, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հրաժարվեց Փարիզում ձեռք բերված պայմանավորվածություններից` այսպես կոչված փարիզյան սկզբունքներից, որոնք ավելի ուշ թղթի վրա գրվեցին Քի Վեսթում:
«Նա դա բացատրում էր նրանով, որ իբր Ադրբեջանի հանրությունը պատրաստ չէ դրան: Ցանկացած հակամարտույթյան լուծման համար պետք է նախօրոք պատրաստել հասարակությանը, ոչ թե դրա մասին մտածել կարգավորումից հետո: Հանրային կարծիքը չպետք է բորբոքել կրակի վրա յուղ լցնելով, ինչն այսօր անում է Ադրբեջանը, այլ պետք է մարդկանց նախապատրաստել կարգավորման, փոխզիջման»,- ասել է նախարարը:




























