Կարեւոր է, որ 1994թ. ձեռքբերված հրադադարը գործնականում պահպանվում է մինչ օրը, սակայն որոշ միջադեպեր տեղի են ունենում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Russia Today-ին տված հարցազրույցում:

Նախարարի խոսքով, այդ միջադեպերից խուսափելու համար միջազգային հանրության. ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկներ են արվել հրադադարի ամրապնդման, դիպուկահարներին հետ քաշելեւ մասին, եւ այդ առաջարկներն ընդունվել են Հայաստանի կողմից:

«Ցավոք, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել միջազգային հանրության այդ առաջարկները: Դա էլ փաստացի բազմաթիվ միջադեպերի պատճառն է, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում շփման գծում»,- ընդգծել է ԱԳՆ ղեկավարը:

Նալբանդյանը հիշեցրել է, որ անցած տարի Սանկտ-Պետերբուրգում երեք նախագահների հանդիպումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը սադրանք էր կազմակերպել շփման գծում: Սպանվել էին 5 հայ զինծառայողներ: Իսկ նա, ով սպանել էր հայ զինվորներին, Ադրբեջանում ազգային հերոս էր հռչակել, նրա անունով փողոց եւ դպրոց էին անվանակոչվել:

«Անցնելով շփման գիծը եւ կատարելով սպանությունները, նա եւս սպանվեց: Նախագահների աստրախանյան հանդիպումից հետո պայմանավորվածություն ձեռքբերվեց զոհերի եւ այսպես կոչված ռազմագերիների փոխանակման մասին, եւ այդ մարդու դին վերադարձվեց ադրբեջանցիներին»,- ասել է նախարարը:

Նախարարը նշել է, որ թեեւ նման փոխանակումը չի կարելի օգտագործել քարողչական նպատակներով, Ադրբեջանը մեծ ցույց էր կազմակերպել դիակի վերադարձման կապակցությամբ, եւ ադրբեջանցի ղեկավարներն այդ, այսպես կոչված հերոսին օրինակ էին դարձրել երիտասարդության համար:

Մեկնաբանելով ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները, Էդվարդ Նալբանդյանը նկատել է, որ վտանգավոր է, երբ մեկը, գրեթե ամեն օր հայտարարում է որ պատրաստ է կամ պատրաստվում է ուժ կիրառել:

«Հավանաբար նրանք մոռացել են, թե ինչպես սկսվեց ամեն ինչ: Դա սկսվեց նրանից, որ նրանք ուժ կիրառեցին Լեռնային Ղարաբաղի դեմ, լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին: Եւ ինչի՞ դա հանգեցրեց: Հավանաբար մոռացել են: Հիշողությունն է կարճ»,- ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը: